Հիմա էլ համապատասխանեցնում են ԵՏՄ-ին
Մինչ պետական այրերը փորձում են բացատրություններ գտնել, թե ինչու է ուշանում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, սննդամթերքի արտադրության անվտանգության պատասխանատուներն արձանագրում են` ոլորտի խնդիրները շատ են: Եվրոպական միությանն ասոցիացման շրջանակներում Հայաստանի պետական մարմինները տարիներ շարունակ կանոնակարգեր էին մշակում ու չափորոշիչներ սահմանում` համապատասխան ԵՄ պահանջներին: Այդ ողջ աշխատանքն այժմ պետք է կրկնել` հանուն Եվրասիական տնտեսական միության:
Մաքսային միության օրենսդրության միջազգային փորձագետ Ելենա Բուլավինան «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ն պետք է հետևի ՄՄ օրենսդրությանը, որը ներկայումս բուռն զարգանում է և, իր հերթին, համապատասխանեցվում է Եվրամիության պահանջներին: Օրինակ՝ Բելառուսում սննդի անվտանգության համակարգի (FSMSs) ներդրման աշխատանքներն արդեն 10 տարուց ավելի են շարունակվում: «Մեր աշխատողների համար պահանջները բավականին խիստ էին, նրանք ստիպված էին վերազինել արտադրական հզորությունները, վերանորոգել տարածքները, որոշ ընկերություններ պարզապես դադարեցրին իրենց գործունեությունը, քանի որ տնտեսապես նպատակահարմար չէր դրանց արդիականացումը և համապատասխանեցումը ՄՄ կանոնակարգերով պահանջվող չափանիշներին: Հարկավոր է անընդհատ առաջ շարժվել, և հին մեթոդներով աշխատանքն այլևս անթույլատրելի է»,- ասաց Բուլավինան:
Փորձագետը նշեց, որ խնդիր կա նաև ներքին շուկայի համար աշխատող ընկերությունների դեպքում, որոնք անուշադրության էին մատնվել և հայտնվել ուսանողի կարգավիճակում, որը քննության նախաշեմին անպատրաստ է: Մասնավորապես, հուլիսի 1-ին ՌԴ-ում ավարտվել է գլոբալ կարգավորումներին անցման գործընթացը, և ֆերմերներն անպատրաստ են եղել. «Նրանք չեն իմացել, որ պետք է ապրանքի ստուգումներ իրականացնեն և սննդի անվտանգության հավաստագրի առկայության դեպքում միայն կկարողանան այն հանձնել խանութներ: Արդյունքում` առևտրային ցանցերը հուլիսի 1-ին ֆերմերներից արտադրանք չընդունեցին, և ամբողջ մթերքը ոչնչացվեց»:
«Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում` Հայաստանում, սննդարդյունաբերության ոլորտի արտադրողները շատ խնդիրներ ունեն` կապված անվտանգության համակարգերի ներդրման հետ: Հարկավոր է շատ ռեսուրս, շատ ժամանակ, որպեսզի փոխվեն գործընթացները: Այսօր Մաքսային միության անդամակցության համատեքստում այդ ամենը դառնում է ավելի կարևոր, որովհետև FSMSs-ը հիմնական չափանիշն է, որով ՄՄ երկրներ արտահանում կկատարվի»,- «168 Ժամին» ասաց ՀԲ խմբի անդամ` Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից ՀՀ-ում իրականացվող «Հայաստանում սննդամթերքի անվտանգության բարելավման» ծրագրի ղեկավար Մայա Թևզաձեն: Ըստ նրա՝ FSMSs-ը նաև հիմքն է սննդային անվտանգության կառավարման միջազգային բոլոր համակարգերի, այդ թվում, եթե ընկերությունը արտահանում է ԵՄ կամ ԱՄՆ շուկա, միևնույն է, պետք է ներդնի FSMSs համակարգ:
Մեր դիտարկմանը, որ Հայաստանը բավականին մեծ աշխատանք էր կատարել ԵՄ ասոցիացման ուղղությամբ, և գործող չափանիշները համապատասխանեցվել էին եվրոպական պահանջներին, այժմ ի՞նչ է պետք փոխել Մաքսային միության համար, Մայա Թևզաձեն պատասխանեց, որ շատ կարգավորող փաստաթղթեր կան, որ պետք է համապատասխանեցնել ՄՄ պահանջներին՝ ԵՄ-ի փոխարեն: Սակայն, ըստ նրա, արտադրական գործընթացը՝ հիմնված FSMSs-ի վրա, հիմնականում նույնն է թե՛ ՄՄ-ի, թե՛ ԵՄ-ի համար:
«Մենք մոնիտորինգ չենք արել, թե ՀՀ-ում որ ապրանքներն են մրցունակ ՄՄ երկրների շուկաներում, բայց վաղուց արդեն հայկական արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, պարզապես պետք է պահել շուկան: Եվ եթե հայկական արտադրողներին հետաքրքիր է այդ շուկան, պետք է հետևել սահմանված չափանիշներին»,- ասաց նա:
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանի խոսքով՝ մշակվել են 5 օրենքներ, որոնցում առկա չափորոշիչները համապատասխանում են ՄՄ պահանջներին. «Իսկ ընդհանուր առմամբ մեր չափորոշիչները համահունչ են ՄՄ երկրների չափորոշիչներին, քանի որ մենք ունեցել ենք նույն անվտանգության համակարգերն այլ պետության կազմում և, ինչպես մեզ մոտ, այնպես էլ իրենց մոտ այդ համակարգերը շատ չեն փոխվել»:
«Խնդիր ունի արտադրողը և ոչ թե պետությունը, որովհետև, օրինակ, արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ԵՄ երկրներում ՀՀ-ից մեղրի արտահանումը թույլատրվել է, բայց արտահանող չկա: Դա ոչ թե պետության, այլ արտադրողի խնդիրն է»,- նշեց նա: