Կրթաթոշակներ պետական համալսարանների մագիստրոսների համար
Այսօր Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում լրագրության ուսանողներին աջակցող ամերիկահայ բարերար, լրագրող Մարգարիտ Աճեմյանի հետ:
Վերջինս արդեն երկար տարիներ համագործակցում է Հայաստանի մի քանի բուհերի հետ` կրթաթոշակներ տրամադրելով այդ բուհերի մագիստրոսներին:
Հանդիպմանը ներկա էին ինչպես ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ, դասախոսներ, այնպես էլ բուհն ավարտած, նախկինում Մարգարիտ Աճեմյանի տրամադրած կրթաթոշակից օգտված և Հայաստանի տարբեր լրատվամիջոցներում արդեն աշխատանք գտած նախկին ուսանողներ:
Վերջիններս շնորհակալություն հայտնեցին տիկին Աճեմյանին` իր կատարած մեծ գործի համար, և մի քանի խորհրդանշական հուշանվերներ հանձնեցին նրան: Մարգարիտ Աճեմյանի խոսքով` ինքը դպրոց է գնացել 50 տարեկան հասակում, քանի որ ավելի շուտ գնալու հնարավորություն չի ունեցել:
Այդ իսկ պատճառով հիմա օգնում է ուսանողներին` որքան հնարավոր է շուտ և լավագույն պայմաններով կրթություն ստանալու համար:
Ի գիտություն ՀՀ Պետական համալսարանների 2014-2015 ուս. տարվա մագիստրատուրայի առաջին կուրսեցիների` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Էսթեր Աճեմյան կրթավճար» ծրագչի շրջանակում Երևանի պետական համալսարանի հայ լրագրության, Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի լրագրության, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լրագրության ֆակուլտետների և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում 5 հաղթողների ուսման վարձը կվճարի ՀՕՖ-ը` ամերիկահայ բարերար Մարգարիտ Աճեմյանի կողմից հատկացրած միջոցներից:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր ընդունվել են վերոհիշյալ բուհերի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրա, ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին, սոցիալապես անապահով ընտանիքներից են, ուսման ավարտից հետո նվազագույնը չորս տարի պատրաստ են ապրելու և աշխատելուՀայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները ցանկության դեպքում կարող են մինչև 2014թ. օգոստոսի 25-ը ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանյան գրասենյակ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը:
Ընտրությունը տեղի է ունենալու երեք փուլով` փաստաթղթային փաթեթի քննարկում, հարցազրույց, տնայց` անհրաժեշտության դեպքում:
Նշենք, որ Մարգարիտ Աճեմյանը նաև մի քանի գրքերի հողինակ է, որոնցից ամենանշանավորը «Դռան թակոցը» գիրքն է, որի հիմքում նրա մոր` 1900թ. պատմական Հայաստանի Ամասիա քաղաքում ծնված Եսթեր Միներաճյանի հուշերն են Մեծ եղեռնի և դրա պատճառած անլուր տառապանքների մասին:
Գիրքը անգլերեն լույս է տեսել 2007թ. ԱՄՆ-ում` հեղինակին բերելով բազմաթիվ մրցանակներ:
Տիկին Աճեմյանը գրքի մի քանի օրինակներ նվիրեց նաև ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետին` հույս հայտնելով, որ ուսանողներն անպայման կուսումնասիրեն այն: