Patriot զենիթա-հրթիռային համալիրները պետք է մնան Թուրքիայի տարածքում. Ռասմուսեն
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի տրամադրած ամերիկյան Patriot զենիթա-հրթիռային համալիրները պետք է մնան Թուրքիայի տարածքում:
Ռասմուսենն այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման արդյունքներով կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, երբ նրան հարցրել են, թե արդյոք կարի՞ք կա դրանք պահել Թուրքիայում:
Ռասմուսենն ընդգծել է, որ Թուրքիայի տարածքում Patriot համակարգերի տեղակայումը կապված չի եղել միայն Սիրիայի քիմիական զենքի հետ, և որ դրանք նախատեսված են եղել ամեն տիպի հրթիռային հարձակումներին դիմակայելու համար:
Ելնելով դրանից՝ Ռասմուսենը հայտարարել է, որ Սիրիայից քիմիական զենքի պաշարների դուրս բերումը չպետք է հանգեցնի Թուրքիայից Patriot համակարգերի դուրս բերմանը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Der Spiegel շաբաթաթերթը հայտնել էր, թե ՆԱՏՕ-ն պլանավորել է մինչև ընթացիկ տարեվերջ Թուրքիայից դուրս բերել Patriot զենիթա-հրթիռային համալիրները:
2012 թվականի դեկտեմբերին ՆԱՏՕ-ն որոշեց տվյալ համակարգերը հատկացնել Թուրքիային, որպեսզի նա կարողանա պաշտպանվել Սիրիայից կատարվող օդային հարձակումներին:
Այդ համակարգերը տեղակայվեցին Ադանայի, Քահրամանմարաշի ու Գազիանթեփի նահանգներում: Սակայն 2013 թվականի հունվարից Թուրքիայում գտնվող Patriot համակարգերը չեն կիրառվել որևէ անգամ: