Բաժիններ՝

Ռոբերտ Նազարյանը սուսիկ-փուսիկ կատարում է իշխանության պատվերը. Քառյակը այլընտրանքային միջոցներ գիտի

Էներգետիկ համակարգում շան գլուխը թաղված է արտադրող կայաններ-ՀԷՑ կապում: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, այն ռեզերվները, որ կարելի է օգտագործել էլեկտրաէներգիայի թանկացում թույլ չտալու համար: Ըստ Մելքումյանի՝ վնասները պետք է օրենքով 30% փակի պետությունը, շահույթի նորման պետք է նվազեցվի, օրինակ՝ շահութաբերության բարձր նորմա կա Հրազդան 5-ում:

«Քառյակը պատրաստ է իր առաջակները ներկայացնել: Այլընտրանքային միջոցներ կան»,- ասաց Մ.Մելքումյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը և ոստիկանությունը կրակն են ընկել այն որոշումների ձեռքը, որ կայացնում է կառավարությունը. «Իսկապես մութ գործարքներ կան, և եթե ճշգրիտ աուդիտ անենք, այս քայլի կարիքը չի լինի: Հակաօրինական գործարքներ են կատարվում: Քառյակը բավականին ուշադիր է այս ամենի նկատմամբ»:

Ըստ Հակոբյանի՝ պարտադիր կուտակայինն ու էլեկտրաէներգիայի թանկացման այս որոշումները իշխանությունը պարտադրում է ժողովրդին՝ օգտագործելով այս քաղաքական պաուզան: Պատգամավորը զգուշացրեց, որ աշունը սարերի ետևում չէ և քառյակի հանրահավաքը սեպտեմբերի վերջին կայանալու է:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ երեկ իշխանությունը բացարձակ վստահ էր, որ հանձնաժողովը «հեզիկ-մեզիկ» քվեարկելու է բարձրացման օգտին: Մանուկյանի խոսքով՝ քառյակի հիմնավորումները և՛ քաղաքական, և՛ ֆինանսական են, բոլոր տեղերում շահույթն անթույլատրելի մեծ է և անգամ 3-4% նվազեցնելու դեպքում կարելի է հարցերը լուծել: Մանուկյանը նշեց, որ էներգետիկ համակարգի ընկերությունների վերցրած վարկերը շատ մեծ են, ամեն տարի յուրաքանչյուրը 300-400 մլրդ վարկ են փակում և այդ բոլորը նստած է սակագնի մեջ ու ՀՀ քաղաքացիները վճարում են դա, թեև այդ վարկերն էլ ակնհայտ արդյունք չեն տալիս, համակարգի մաշվածությունը և կորուստները չեն նվազում:

«Այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան: Նույն մաֆիոզ մեխանիզմներն են կիրառվում և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի դեպքում»,- ասաց Ա.Մանուկյանը՝ հավելելով, որ այդպես էլ չհաջողվեց ճշտել ՀԷՑ-ի բարձր պաշտոնյաների աշխատավարձի չափը. «Իրանք գիտեն, որ դա գերուռճացված է, 40-50 մլն են ստանում: Եվ աղքատության այս պայմաններում դա անթույլատրելի է: ՀԾԿՀ դերը պետք է ոչ թվերը, այլ քաղականությունը կարգավորելը լինի: Ռոբերտ Նազարյանը սուսիկ-փուսիկ կատարում է իշխանության պատվերը: Ինքը անկախ մարմին չէ»:

Մանուկյանը նշեց, որ քառյակը տեր է իր հայտարարությանը, հետևողական է լինելու, որովհետև գիտի, որ կա տեղ չթանկացնելու. «Համագործակցելու ենք բոլոր ուժերի հետ, համատեղ որոշումների արդյունքում կորոշվի անելիքը: Իշխանությունը պետք է այս խնդիրը լուծի»:

«Ակնհայտ է, որ ցանկացած իրավիճակ, որտեղ քաղաքկան, սոցիալական հնչեղության հարցեր են առաջանում, դրանք բացահայտում են մեր քաղաքական համակարգի ողջ սնանկությունը: Սա ապացուցում է, որ ունենք փլուզվող տնտեսություն: Իշխանությունը ֆինանսական միջոցների կարիք ունի: Դրա համար կա երկու աղբյուր՝ ժողովրդից կորզել հնարավորը և դրսից պարտքեր բերեն: Վերջինի արդյունքում մեր արտաքին պարտքը 4 անգամ մեծացել է, մյուսի արդյունքում աղքատությունը 70-80% է հասել»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ հիմք կա Սահմանադրական դատարան դիմելու, քանի որ գերակա շահ պետք է լինի հասարակության շահը, իսկ այդ գերակայությունը չի ապահովում այս հանձնաժողովը. «Երբ պետք է լինում մարդկանց տները քանդել, գերակա շահը գործում է, իսկ այս դեպքում չի գործում: Հարցը պետք է ամբողջությամբ ուսումնասիրել և որպեսզի օրենքները չմնան թղթի վրա, ճիշտն այն էր, որ հետաձգվեր քվեարկությունը, բայց քաղաքական պատվեր կար: Դա բացառելու համար պետք է այդ գերատեսչությունը տրվի ընդդիմությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս