Վիճակագիրները պարենային ապրանքների գնանկում են արձանագրել
2014թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.8% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 3.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ 2014թ. հունվար-հունիսին հանրապետությունում սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4% հավելաճ): 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ սպառողական գների աճը կազմել է 1.8%, այդ թվում, պարենային ապրանքներն էժանացել են (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`0.7%-ով, ոչ պարենային ապրանքները թանկացել` 1.3%-ով, ծառայությունների սակագները բարձրացել են 6.8%, իսկ հունվար-հունիսին 2013թ. հունվար-հունիսի համեմատ գրանցվել է աճ` համապատասխանաբար 4.0%, 2.2, 2.4 և 8.2%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 2.0-0.9%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում: