
Ադրբեջանը պատրաստ է երեք շրջանի վերադարձման դիմաց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը. Ուզեիր Ջաֆարով

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի ռազմական փորձագետ և ռազմական լրագրող Ուզեիր Ջաֆարովը հայատարարել է, որ «հնարավոր է Լեռնային Ղարաբաղին հարակից երեք շրջանների վերադարձը»:
Ջաֆարովը մանրամասնել է, որ խոսքը գնում է Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) և Մեխակավանի (Ջաբրայիլ) շրջանների մասին: Ջաֆարովը կարծում է, որ Ադրբեջանը պատրաստ է այդ տարածքների վերադարձման դիմաց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը և այդ կերպ մտնել «խաղի» մեջ:
Ջաֆարովը շտապել է ընդգծել, որ դա միայն իր կարծիքն (ենթադրությունն) է՝ հավելելով, որ նման գործարքի կայացման մեջ մեծ դեր է վերապահված Ռուսաստանին: Ջաֆարովի խոսքերով՝ Ռուսաստանը ցանկանում է 2015 թվականին իր խաղաղապահ ուժերը տեղակայել տարածաշրջանում: