Մենք շատ ենք ցանկանում, որ Ադրբեջանը միանա Եվրասիական տնտեսական միությանը. Արտաշես Գեղամյան

Haqqin.az պորտալին տված հարցազրույցի ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ով հայկական պատվիրակության կազմում Բաքվում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ի նիստին, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրին:

Գեղամյանը կարևորել է խաղաղ գոյակցությունը, ողջ տարածաշրջանի տնտեսական բուռն զարգացումը, երկու ժողովուրդների միջև վերստին բարեկամական հարաբերությունների հաստատումը: Գեղամյանը հիշեցրել է, որ մինչ այս Բաքու է ժամանել 14 անգամ և ամեն անգամ խնդիրների չի հանդիպել, ինչը վերաբերում է նաև նրա ադրբեջանցի գործընկերներին, որոնք իրենց հերթին ժամանել են Հայաստան.

«Մենք բոլորս հյուրընկալ Կովկասի բնակիչներն ենք, և մեզ բոլորին միավորում են պատմական արժեքները: Թերևս, ինչ-որ մեկին ձեռնտու է, որ շարունակվի մեր միջև թշնամանքը: Եվ դա հանգեցնում է ոչ անհրաժեշտ արյունահեղությանը:

Եվ այնուամենայնիվ, մենք դատապարտված ենք համատեղ ապրելու: Իսկ խելամիտ հարևաններն առևտուր են անում, նշում են տոներ: Ինչո՞ւ մենք պետք է կրակենք միմյանց վրա: Մեր ժողովուրդները խաղաղություն են տենչում»:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու ձգձգման խնդրին՝ Գեղամյանը հայտարարել է, որ Հայաստանը շատ հուսալի գործընկեր է, իսկ երկրի առաջնորդը (Սերժ Սարգսյան) հետևողական ու հավասարակշիռ քաղաքական գործիչ է և հիանալի շախմատիստ.

«Այլ բան է, որ օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ ձգձգվում է ԵՏՄ-ին միանալու հարցը: Սակայն շատ շուտով տեղի կունենա ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի հանդիսավոր ստորագրումը: Ի դեպ, մենք շատ ենք ցանկանում, որ Ադրբեջանը նույնպես անդամակցի այդ միությանը: Դա զգալիորեն կնպաստի մեր միջև առկա խնդիրների ու անըմբռնողության լուծմանը:

Ի դեպ, այսօր ով է հիշում, թե ում է պատկանում Էլզասը: Արդեն որևէ նշանակություն չունի, թե Էլզասը ֆրանսիական է կամ գերմանական: Այն միացյալ Եվրոպայի մայրաքաղաքն է: Եվ այլևս չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին որ սահմանն է»:

Տեսանյութեր

Լրահոս