«Համազասպ Բաբաջանյանը այն զորահրամանատարներից է, որոնք բարձր պահեցին հայ զորահրամանատարների ավանդույթը»
Հունիսի 24-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարվեց, որ Երևանում՝ մարշալ Բաբաջանյան փողոցում կտեղադրվի Խորհրդայի Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը: Քաղաքապետարանի այս որոշմանը դեմ էին միայն ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները: Արմեն Մարտիրոսյանն, օրինակ՝ ավագանուն կոչ էր անում որոշումն ընդունելուց առաջ հանրային քննարկում կազմակերպել, ինչը, սակայն, չընդունվեց: Թե ինչու են իշխանությունները որոշել օր օրի ավելացնել Հայաստանի հուշարձանները՝ պարզ չէ: Փաստն այն է, որ ամեն օր ի հայտ են գալիս որոշումներ այս կամ այն զինագործի, մարշալի արձանները տեղադրելու մասին որոշումները: Հիշեցնենք, որ հոկտեմբերին նախատեսվում է Գյումրիում կանգնեվնել զինագործ Միխայել Կալաշնիկովի արձանը, իսկ Երևանում՝ Անաստաս Միկոյանի, Գարեգին Նժդեհի, Համազասպ Բաբաջանյանի արձանները:
Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Բագրատ Եսայանը, որ դեմ է Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, կողմ է՝ Համազասպ Բաբաջանյանի արձանի տեղադրմանը: Նրա խոսքով՝ Համազասպ Բաբաջանյանը այն զորահրամանատարն է, որ իսկապես մեծ ներդրում է ունեցել թե՛ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական զորքերի հաղթանակի մեջ, թե՛ նաև որպես հայ ազգի զորահրամանատար նա այն տրիադայի շարքերում է, որոնք իսկապես բարձր են պահել հայ զորահրամանատարների ավանդույթը: «Այնպես որ՝ որևէ խնդիր չեմ տեսնում այդտեղ: Ես նորմալ եմ վերաբերվում դրան»,- մեզ հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը:
Միաժամանակ Բագրատ Եսայանը համոզմունք հայտնեց, որ հարցը մինչ ավագանու օրակարգում ընդգրկելն ու համապատասխան որոշում ընդունելը պետք է ներկայացվեր հանրային քննարկման:
«Բնականաբար, ես կողմնակից եմ նրան, որ ընդհանրապես Երևանի քաղաքացու համար ցանկացած նշանակություն ունեցող հարց հանրային քննարկման պետք է դրվի: Սա կապահովի ոչ միայն ժողովրդի վստահությունը քաղաքի ղեկավարության նկատմամբ, այլև մասնակից կդարձնի ժողովրդին այդ որոշումների կայացմանը: Ինչպես նաև, կարծում եմ՝ լրացուցիչ թափանցիկությունը քաղաքապետարանի աշխատանքներում չէր խանգարի»,- ասաց նա:
Այն, որ Համազասպ Բաբաջանյանը ևս հայտնի է որպես Հունգարիայում տեղի ունեցած ճնշումների մասնակից, Բ. Եսայանն ունի իր դիրքորոշումը. «Ես չէի ցանկանա մասնագիտական կարծիք հայտնել: Սա քննարկումների նյութ կարող է լինել, այստեղ մոտեցումները կարող են տարբերվել, բնականաբար: Իմ անձնական մոտեցումը այն է, որ Համազասպ Բաբաջանյանը, բնականաբար, զինվորական հիերարխիայում որոշակի տեղ է գրավել, իսկ այնտեղ նաև հրամանները չքննարկելու իմպերատիվ պահանջ կա: Այդ պատճառով, կարծում եմ՝ եթե պատմությունը ուսումնասիրեք՝ կտեսնեք, որ այնտեղ քաղաքական որոշումը կայացնելու համար գործուղվել է նույն Անաստաս Միկոյանը: Եվ շատ ավելի հանցավոր է քաղաքական որոշում կայացնողը, որ զորքով պետք է այլ երկրում ժողովրդական շարժում ճնշվի, քան՝ այն զորքը, որը իր ղեկավարության հրամանն է կատարում»,- ասաց Բ. Եսայանը: