Ֆերդինանտ Առաքելյանը՝ Աֆրիկյանների տան շենքի ապամոնտաժման մասին. «Տգիտություն է հինը քանդելը»
«Ես այդ նախագծին վաղուց եմ ծանոթ, գիտեմ` ինչպես է սկսել: Ժողովուրդը վստահություն չունի, որ քանդվեց՝ էլի կկառուցվի»,- ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը՝ խոսելով «Հին Երևան» նախագծի մասին: Նա նշեց, որ ամբողջ երկիրն այսպես է եղել՝ քանդվել է ու չի կառուցվել. «Իհարկե, պետք է կառուցվի, տգիտություն է հինը քանդելը: Դա նման է նրան, որ մարդ երեխա ունենա, երեխայից դժգոհ լինի, տա՝ սպանի, ասի՝ մյուս երեխաս լավը կլինի, մյուսն էլ՝ ուռոդ է ծնվում: Մենք հենց այս փաստի առաջ ենք կանգնած»:
Ֆ. Առաքելյանի կարծիքով՝ «Հին Երևանը» շատ գեղեցիկ է, բայց ինքը կասկածում է՝ որևէ ներդրող հնության վրա փող կդնի՞, թե՞ ոչ, գեղեցիկի վրա փող կդնի՞, թե՞ ոչ:
«Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանն էլ ասաց, որ ներդրողները կան, եկել են աճուրդին մասնակցել են կոնկրետ ծրագրի համար և տվել են իրենց համաձայնությունը.
«Այդ բնակելի շենքերի բնակիչների 60 տոկոսը արդեն մաքրել են: Սա թանկարժեք ծրագրերից է: Առաջին օրից իմ կողքին կանգնած են ինվեստորներ, որոնք շենքերի ընտրությունը, աշխատանքը, բոլորը զուգահեռ տանում են: Ոնց որ դուք եք անհամբեր ասում՝ ինչի՞ չի լինում, նրանք էլ օր-օր են հաշվում, որ մաքրեն ամբողջ տարածքը: Դա տենց հեշտ չի՝ 280 մետր երկարություն է, 60 մետր լայնքը: Ես պարզ ասում եմ՝ Աֆրիկյանների տունը, որի համար ես եմ պատասխանատու, առաջին անգամ ապամոնտաժում է կատարվում պրոֆեսիոնալ ձևով: Քարտաշների բրիգադի ղեկավարը Գագիկ Շիրինյանն է: Ամեն ինչ իմ վերահսկողության տակ է եղել: Բայց հիմա խանգարում են, չէ՞, այդ ապամոնտաժմանը»:
Ֆ. Առաքելյանն էլ ասաց, որ Լ. Վարդանյանին խանգարողը, նրա ճարտարապետ ընկերներն են. «Նախանձն այնտեղ ուտում է իրար»:
Լ.Վարդանյանն ասաց, որ Աֆրիկյանների շենքը Աֆրիկյան եղբայրների եկամտաբեր տունն է. «Սովետի ժամանակ, որ պայքարում էին, որպեսզի այդ շենքն արժեքազրկեին, ասում էին՝ Լևոն, սա պոռնկատուն է եղել: Անցավ այդ ժամանակը: Հիմա եկել է երկրորդ էտապը, երբ այս ակտիվիստները փորձում են արժեքավորել, ասում են՝ Աֆրիկյանների ակումբ, մեր մտավորականները հավաքվել են: Այդպիսի բան չի եղել: Դա Աֆրիկյան եղբայրների եկամտաբեր տունն է եղել: Դա նշանակում է վարձով տրվող բնակարան»: