Դիվանագետի կարծիքով` հայ պատգամավորները հարկատուների հաշվին հասել են Ստրասբուրգ և «նորահարսի նման» նստել ու ոչինչ չեն ասել Ալիևին
Ճի՞շտ էր Ստրասբուրգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հարց չտալը: Այս հարցն այսօրվա ասուլիսում քննարկեցին դիվանագետ Արման Նավասարդյանը և քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Երկուսն էլ խիստ բացասական գնահատեցին հայկական պատվիրակության լռությունը և, ընդհանրապես, Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը:
«Սոկրատեսն ասել է` «խելացի խոսելը դժվար, իսկ խելացի լռելը` ավելի դժվար», բայց սա այդ դեպքը չէ: Այստեղ լռությունը հավասար է շատ լուրջ վրիպման»,- նկատեց Արման Նավասարդյանը:
Նրա կարծիքով` այն դեպքում, երբ Ալիևն իր մարտաշունչ, միլիտարիստական հռետորաբանությամբ խանգարում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին և բացի այդ` վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը, «պարտիզանի նման լռելը» և նրա հետ բանավեճի մեջ չմտնելը սխալ քայլ է: Դիվանագետն ասաց, որ պրոֆեսիոնալ չի համարում այն, որ հայ պատգամավորները հարկատուների հաշվին գնում, հասնում են Ստրասբուրգ և «նորահարսի նման» նստում և ոչինչ չեն ասում:
«Խորհրդարանական պատվիրակությունը, լինելով ժողովրդական դիվանագիտության մի մասնիկը, որը պիտի կոչված լինի կառավարական և դիվանագիտական գործունեությանը նպաստելուն, փաստորեն, չի կատարում այդ գործը: Եվ մի մոռացեք, որ դա խորհրդարանական մեխանիզմ է, որտեղ ոչ մի հարց չի վճռվում, և այդպես նստել և ականջները թափ տալ, կարծում եմ, պատիվ չի բերում»,- ասաց Նավասարդյանը:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն իր հերթին ավելացրեց` Ադրբեջանը Հայաստանի դեմ վարում է տոտալ պատերազմ` սահմանամերձ գոտում, քարոզչական դաշտում, մշակույթի ոլորտում, մեր հայրենիքի հողերը յուրացնելու, ողջ աշխարհում հայ ժողովրդին սևացնելու և այլ առումներով, ուստի մեր պատասխանը պետք է լինի միանշանակ` տոտալ հակահարձակում` նույնիսկ կանխարգելիչ միջոցներով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը Ստրասբուրգում ելույթ էր ունեցել հունիսի 24-ին` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում: Իլհամ Ալիևը, ըստ լրատվամիջոցների, բավական ագրեսիվ էր իրեն դրսևորել ` անելով մի շարք հակահայկական հայտարարություններ, անգամ մատ թափ տալով բրիտանացի պատգամավորի վրա և հայտարարելով, թե Ադրբեջանը կոռուպցիայի դեմ պայքարի իր փորձով կարող է կիսվել եվրոպական երկրների հետ: