Արա Հարությունյանը ներկա է գտնվել «Արցախէներգո» ՓԲԸ ընդհանուր ժողովին

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ներկա է գտնվել «Արցախէներգո» ՓԲԸ ընդհանուր ժողովին, որը տեղի է ունեցել հունիսի 26-ին` ԱԺ պատգամավորների, արտադրական ենթակառուցվածքների նախարարի, ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:

Ներկայացվել են ընկերության 2013թ. տարեկան հաշվետվությունները` կատարված աշխատանքների և ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ: «Արցախէներգո»-ի գործադիր տնօրեն Տիգրան Ծատուրյանն իր զեկույցում նշել է այն հիմնական աշխատանքները, որոնք նախատեսված էին անցած տարվա ծրագրով: Մասնավորապես, վերանորոգվել և վերակառուցվել են մոտ 20,5 կմ երկարությամբ 0,4 կՎ օդային գծեր, 15,5 կմ` 10 կՎ օդային գծեր, մոտ 1100 մետր մալուխային գծեր և թվով 20 հատ 10/0,4 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայաններ: Ստեփանակերտ քաղաքում «Հայկավան» 110/35/10 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանի շահագործման արդյունքում զգալիորեն բարձրացել է մայրաքաղաքի էլեկտրամատակարարման անվտանգությունը և հուսալիությունը:

Գործադիր տնօրենի խոսքով` 2013թ. էլեկտրական էներգիայի մուտքը համակարգ կազմել է 269,1 մլն կվտ ժամ, որն ի համեմատ 2012 թվականի` ավելացել է 5,4 մլն կվտ ժամով` աճը կազմել է 2%: Տ. Ծատուրյանն ընդգծել է, որ թեև տարեցտարի աճում են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները հանրապետությունում, փաստացի կորուստները, ընդհակառակն` յուրաքանչյուր հաջորդ տարի ավելի նվազ են նախորդ տարվա ցուցանիշների համեմատ: Այսպես, եթե 2010թ. փաստացի կորուստները կազմել են 17%, ապա 2013 թվականին սպառումն ավելացել է 36,2 մլն կվտ ժամով (ավելի քան 15,5 տոկոս), փաստացի կորուստները կազմել են 15,2 տոկոս:

Ողջունելով կորուստների նվազման միտումը, ԼՂՀ վարչապետը նշել է, որ դա համակարգի աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունք է, և հորդորել է աշխատանքները շարունակել նույն ոճով: Ա. Հարությունյանը կարևորել է ռազմավարական նշանակության ոլորտի զարգացման ուղղությամբ կատարվող ցանկացած աշխատանք:

Համակարգի անխափան գործունեությունն ապահովելու համար, սակայն, 25 մլրդ-ից ավելի ներդրումներ են պետք: Պետական միջոցները բավարար չեն այդ բարեփոխումները միանգամից իրականացնելու համար: Գործադիր իշխանության ղեկավարի խոսքով` դա հնարավոր կլինի ոլորտում ճիշտ քաղաքականություն իրականացնելու արդյունքում` ավելացնելով էլեկտրաէներգիայի սեփական արտադրության ծավալները: Կառուցվող մեծ հզորության էլեկտրակայանների շահագործմամբ կբավարարվի հանքարդյունաբերության մեջ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը, ինչն էլ կտա հավաքագրվող գումարների մի մասը համակարգի զարգացման ուղղությամբ ներդնելու հնարավորություն:

Ա. Հարությունյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին, հնարավորության սահմաններում անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկայով համալրել պարկը` խափանումների դեպքում արագ արձագանքելու համար:

Վարչապետը առաջարկել է վերանայել ընկերության աշխատակիցների աշխատավարձը` հնարավորության դեպքում հուլիսի մեկից այն 15-20 տոկոսով բարձրացնելու համար:

Հանդիպմանն ամփոփվել են նաև «Արցախէներգո» ընկերության շրջանային մասնաճյուղերի 2013թ. կատարած աշխատանքները:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս