Արդյոք Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն անցնո՞ւմ են օֆշորային գործով

Այսօրվա ասուլիսում լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՀ նախկին վարչպետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն անցնո՞ւմ են հայտնի օֆշորային գործով, ի՞նչ գնահատական կարող է նա տալ նախաքննական մարմնի աշխատանքին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարար Փայլակ Հայրապետյանը նշում է, որ գործողություններ չեն կատարվել:

«Նախ՝ որևէ մեկը չի կարող ասել՝ ինչ գործողություն է կատարվել, ինչը՝ ոչ, և եթե ձեր ասած սուբյեկտը տեղյակ չէ՝ ինչ գործողություններ են իրականացվում կամ իրականացվել, դա դեռևս չի նշանակում, որ այդ գործողությունները չեն իրականացվել:

Այդ գործն, իհարկե, գտնվում է իմ ուշադրության կենտրոնում, և կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, և այն փաստը, որ Աշոտ Սուքիասյանն արտահաձնվել է և փաստացի գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, նոր թափ կհաղորդի քննությանը, և ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ հետո անհրաժեշտ քննչական գործողությունները կտան իրենց արդյունքը, և հետո միայն մենք կկարողանանք գնահատել, թե ով ինչ մեղավորություն ուներ և ինչ համար:

Համենայնդեպս, այս պահի դրությամբ ավել որևէ բան չեմ կարող ասել: Իսկ ինչ վերաբերում է այդ հայտարարություններին, ես չեմ կարծում, որ ճիշտ կլինի որևէ հայտարարություն մեկնաբանեմ՝ հերքելու կամ հաստատելու տեսակետից: Երբ մենք կունենանք քրեական գործով համապատասխան արդյունքներ, այդ մասին դուք կիմանաք»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս