«Ես կարող եմ միանշանակ ասել, որ ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի գործադրումը, իրոք, ոստիկանի գործառույթների, լիազորությունների մեջ է մտնում» (տեսանյութ)

«Ցավում եմ, որ կան այդպիսի կարծիքներ, հրապարակումներ մի քանի պատճառներով: Պատճառ առաջին: Ինձ համար՝ որպես գլխավոր դատախազի, բացարձակ տարբերություն չկա՝ ով կլինի Քննչական կոմիտեի ղեկավար: Բացարձակ: Ես նաև առիթ ունցել եմ ասելու, որ ինձ համար որևէ տարբերություն չկա, թե այդ Քննչական կոմիտեն որպես այդպիսին ինչ կառուցվածք կունենա, որովհետև անկախ նրանից, թե քննչական ապարատը կլինի կենտրոնացվա՞ծ, թե՞ ապակենտրոնացված, դատախազական գործառույթի բովանդակությունը դրանից չի փոխվում: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ո՞վ կղեկավարի Քննչակա կոմիտեն, դա առավել ևս ընդհանրապես որևէ նշանակություն չունի, որովհետև դրանից ևս դատախազական գործառույթի բովանդակությունը չի փոխվում: Ով ուզում է, թող լինի»,-արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ ինքը ներքին պայքար է տանում, որպեսզի Քննչական կոմիտեի պետ չնշանակվի Աղվան Հովսեփյանը, այլ իր ցանկալի անձը՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, որ Սարյան փողոցում ոստիկանությունը ճիշտ է վարվել, Գ. Կոստանյանը նախ ասաց. «Ես կարող եմ միանշանակ ասել հետևյալը, որ ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի գործադրումը, իրոք, ոստիկանի գործառույթների, լիազորությունների մեջ է մտնում և շատ դեպքերում ֆիզիկական ուժի չգործադրումը ոստիկանին կարող է պատասխանատվության առաջ կանգնեցնել: Ինչո՞ւ: Որովհետև ոստիկանության՝ հատուկ միջոցներ, ֆիզիկական ուժ, հրազեն գործադրելու լիազորությունը անվերապահորեն սահմանված է օրենսդրությամբ և, եթե չեմ սխալվում, «Ոստիկանության մասին» օրենքում 4-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է այդ միջոցների գործադրման իրականացման կարգին և պայմաններին, և հստակ սահմանված է, որ մի շարք դեպքերում, այդ թվում ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու կամ ոստիկանի նկատմամբ դիմադրություն կիրառվելու դեպքում ոստիկանն իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ: Եվ այս պայմաններում մենք պետք է խոսենք ոչ թե ֆիզիկական ուժի կիրառման կամ չկիրառման մասին, որովհետև նորից ասեմ, դա շատ դեպքերում նաև անհրաժեշտություն է լինում և պարտավորություն է կրում ֆիզիկական ուժ կիրառել, որպեսզի իր առաջ դրած խնդիրները, պարտականությունները կարողանա պատշաճ ապահովել:

Այլ հարց է, որ մենք յուրաքանչյուր դեպքում պետք է խոսենք ֆիզիկական ուժի կիրառման համաչափության մասին, որովհետև ոստիկանի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն կիրառելու անհրաժեշտությունը և, ըստ էության, որպես այդպիսին պարտականությունը ծագում է այն ժամանակ, երբ իր պարտականությունները կատարելն այլ կերպ հնարավոր չէ ապահովել՝ բացի նման միջոցների կիրառումից:

Այսինքն՝ նման դեպքերում մենք պետք է խոսենք ոստիկանի կողմից կիրառված ուժի անհրաժեշտության և համաչափության մասին, ինչն առանձին քննարկման առարկա է հանդիսանում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում»:

Կարդացեք նաև

Խոսելով մասնավորապես Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին, Գևորգ Կոստանյանն ասաց, որ տրվել է համապատասխան ցուցում՝ դիմելու, հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու դեպքում իրականացնել համապատասխան քննություն:

«Հիմա այդ մասով մի շարք մարդիկ տվել են հաղորդումներ, և նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու և չհարուցելու հարցը լուծելու համար: Ընդ որում, անկեղծ ասեմ, այստեղ նաև իրավական գնահատական պետք է տրվի համապատասխանաբար այն անձանց, ովքեր ոստիկանի նկատմամբ բռնություն են կիրառվել:

Այսինքն՝ փաստեմ, որ նյութերը նախապատրաստվում են ինչպես ոստիկանի կողմից իր հնարավոր պաշտոնական դիրքը չարաշահոլու կամ չչարաշահելու հետ կապված, այնպես էլ՝ այլ անձանց կոմից հնարավոր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստերի կապակցությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս