Արմեն Աշոտյանը՝ դիմորդներին. Երեկ պարապե՞լ եք, թե՞ ֆուտբոլ եք նայել (տեսանյութ)
Այսօր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, որտեղ մեկնարկում են ներբուհական ստեղծագործական քննությունները: Այստեղ նրան դիմավորեց ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը:
Նախարարը բակում հավաքված դիմորդներին ողջունեց և հետաքրքրվեց՝ ինչ տրամադրություն ունեն նրանք: «Մարտական»,- պատասխանեցին նրանք:
Նա նաև դիմորդներին հարցրեց՝ երեկ պարապե՞լ եք, թե՞ ֆուտբոլ եք նայել: Երիտասարդները պատասխանեցին՝ «ֆուտբոլ ենք նայել»:
Արմեն Աշոտյանը ինստիտուտում ներկա գտնվեց ընդունելության բանավոր քննությանը: Քննասենյակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը հայտարարեց քննության մեկնարկը և շնորհավորեց բոլորին այս կապակցությամբ. «Ես մեր բոլոր դիմորդներին հաջողություն եմ մաղթում, իսկ նախարարի ներկայությունը ավելի մեր այս պատասխանատու աշխատանքը դարձնում է կրկնակի պատասխանատու»:
«Մեկնարկել են ներբուհական քննությունները և բանավոր քննությունները: Ինչպես գիտեք՝ քննությունների այս տեսակը նույնպես իրականացվում է մեր հսկողության տակ: Քննություններ են ընթանում նաև այլ բուհերում նույնպես: Մենք այս ընթացքում նաև գուցե ձեզ հետ այցելենք, օրինակ, Ճարտարապետաշինարարական համալսարան՝ դիտելու գծագրության մրցույթը և գուցե՝ Կոնսերվատորիա այցելենք՝ տեսնելու վոկալ արվեստի և կատարողական արվեստի մրցույթը:
Առաջին փուլը ավարտվել է: Կարող եմ փաստել, որ քննությունների անցկացման ընթացակարգերից մենք որևէ լուրջ և իրականությանը համապատասխանող դժգոհություն չունենք: Այնպիսի տպավորություն է, որ հասարակությունը շատ հանգիստ ու թեթև է տանում ընդունելության քննությունները, սակայն արդեն երրորդ տարին է, երբ մեզ հաջողվել է հանրային ուշադրության կենտրոնում գտնվող այս գործընթացը կազմակերպել այնպսիսի մակարդակով, որը չի հարուցում մեր քաղաքացիների անհանգստությունը և դժգոհությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:
Նա հավելեց, որ առջևում լրացուցիչ փուլն է. հունիսի 2-ից 8-ը: Քննությունների կմասնակցեն այն դիմորդները, որոնք չեն հասցրել մասնակցել առաջին փուլին. «Բանակից զորացրված երիտասարդներն են, Ջավախքից և Սփյուռքից ժամանած երիտասարդներն են և՝ առաջին փուլում հիվանդության պատճառով քննություններին չմասնակցած երիտասարդները»:
Նախարարը հավելեց, որ քննությունների ընթացքում կանխվել են «նորագույն տեխնիկական սարքերի օգտագործման բազմաթիվ փորձերը». դիմորդները հեռացվել են քննասենյակից: Այս տարի տվյալ դիմորդները կզրկվեն բուհ ընդունվելու հնարավորությունից: Նա ասաց, որ նախարարության տեսակետն այս հարցի շուրջ «շատ խիստ է, և իրենք թույլ չեն տալու նման դիմորդներին նորից մասնակցել քննություններին», քանի որ հասարակությանը և նախարարությանը խաբելու ցանկությունը չի կարող արդարացված լինել: