«Պզուկոտ» է անվանել և հայհոյել. Ինչն է եղել կրակոցի պատճառը՝ ըստ փաստաբանի
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատական նիստը: Դատավոր Զոյա Զաքինյանը հրապարակեց «Վանաձոր» ՔԿՀ-ից ստացված գրությունը, որում նշված էր, որ Դավիթ Խաչատրյանի մոտ «Իջևան» բժշկական կենտրոնում ախտորոշվել է սուր գաստրիտ և նշանակվել է համապատասխան բուժում: Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանն ասաց, որ համեմատաբար լավ է զգում, և կարող են շարունակել դատական նիստը:
Դատարանում ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց վերսկսել դատաքննությունն ու դատահոգեբանական փորձաքննություն նշանակել ամբաստանյալի նկատմամբ: Նրա խոսքով՝ Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի բովանդակության համաձայն՝ Լյուքս Ստեփանյանն ու Դավիթ Խաչատրյանը նորմալ փոխհարաբերություններ են ունեցել, վերջինս իրականացրել է հերթապահություն, Լ. Ստեփանյանը նրան «պզուկոտ» է անվանել, հայհոյանք հնչեցրել, ինչը դուր չի եկել ամբաստանյալին, և որոշ ժամանակ անց հնչել է կրակոցը: Ըստ փաստաբանի՝ այս ամենը նշանակում է, որ ամբաստանյալը կարող է գտնված լինել հոգեճնշող վիճակում, նախաքննական մարմինը պարտավոր էր, սակայն չի նշանակել՝ պարզելու՝ արդյոք ամբաստանյալը չի՞ գտնվել հոգեճնշող վիճակում:
Դատախազն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն պետք է մերժվի: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը ևս առարկեց միջնորդության դեմ: Դատավոր Զոյա Զաքինյանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը և դրան անդրադառնալ խորհրդակցական սենյակում: Դատարանում Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց նաև կատարել դեպքի վայրի լրացուցիչ զննություն. փաստաբանի այդ միջնորդության լուծումը ևս հետաձգվեց դատարանի կողմից: