Ակտիվիստ. «Մենք համապատասխան վարույթ ենք սկսելու այդ բոլոր ոստիկանների դեմ»
«Բոլոր նրանք, ովքեր մարմնական վնասվածքներ են կրել ոստիկանների գործունեության ընթացքում, արդեն գնացել են հատուկ քննչական բաժին, դատաբժշկական փորձաքննություն են անցել, և մենք համապատասխան վարույթ ենք սկսելու այդ բոլոր ոստիկանների դեմ:
Մենք ունենք տեսանյութեր և հետամուտ ենք լինելու, որպեսզի նրանք բոլորն իրենց պատիժը կրեն: Եվ գործից ազատվելը պատիժ կրել չի դեռևս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Դ!եմ եմ» շարժման ակտիվիստ Գևորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ Երևան քաղաքի ոստիկանության կենտրոնական բաժին բերման էին ենթարկվել ավելի քան երկու տասնյակ ակտիվիստներ: Ոստիկանները բռնություն էին գործադրել որոշ ակտիվիստների նկատմամբ՝ քարշ տալով նրանց նստեցնելով ոստիկանական մեքենաները և բաժին տեղափոխելով:
Երեկ՝ հունիսի 23-ի երեկոյան, Ազատության հրապարակում քաղաքացիական տարբեր խմբերի ակտիվիստները հանրային քննարկում էին կազմակերպել՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ժամանակ ոստիկանների պահվածքի շուրջ:
«Մեր ոստիկաններն իրենց շատ վատ պահեցին: Ոչ ադեկվատ ռեակցիա քաղաքացիների խաղաղ ցույցին, շատ բռի և բիրտ կերպով քաղաքացիներին նույնիսկ ծեծելով բերման ենթարկելով՝ տարան բաժին: Հետո այդ նույն քաղաքացիները ուղղակի որոշեցին հավաքվել երեկոյան Ազատության հրապարակում, նաև հայտնելու իրենց բողոքն այդ ամենի մասին, մտքերով փոխանակվելու. ամեն մարդ հայտնում էր իր տեսլականը՝ ինչ կարելի է անել, ինչ պետք է անել, ինչ-որ լուրջ պլան չմշակվեց»,- նշեց Գ. Գորգիսյանը:
Ըստ Գևորգ Գորգիսյանի՝ ոստիկանները հիմնականում բերման էին ենթարկում հենց «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներին: «Դարի հարց էր այսօր, թե ինչո՞ւ այդպես դրսևորեցին իրենց ոստիկանները: Այսինքն՝ բազմաթիվ նմանատիպ ակցիաներ են եղել, միգուցե հնարավոր է սա կապել նաև մեր վերջին հայտարարության հետ, որտեղ խստագույնս քննադատվում էր արդեն կառավարության, իշխանությունների և երկրի առաջին դեմքի պահվածքը:
Սա «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության կազմակերպած ակցիան էր, որին որպես Հայաստանի հանրապետության քաղաքացիներ՝ մասնակցում էին նաև «Դ!եմ եմ»-ից շատ մարդիկ, և հենց բերման ենթարկվածների մեծ մասը «Դ!եմ եմ» շարժման մասնակիցներն էին՝ հիմնականում երբևէ որևէ տեղ երևացած դեմքերը: Այստեղ ես ակնհայտ միտում եմ տեսնում՝ հենց «Դ!եմ եմ» շարժման և շարժման մասնակիցների դեմ ուղղված: Ի՞նչն էր գործելաոճի կտրուկ փոփոխության պատճառը, որովհետև կարծես թե ոստիկանների հետ ստացվել էր լեզու գտնել և միմիանց հարգելով առաջ գնալ: Այժմ ոստիկանները ցույց տվեցին, որ իրենք արժանի չէին այդ հարգանքին և արժանի են լրիվ այլ վերաբերմունքի»,- ասաց նա:
Գ. Գորգիսյանը պատմեց, որ մարդիկ նույնիսկ դեռ չէին փակել փողոցը, երբ ոստիկանները սկսեցին կոպիտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: «Խաղաղ ակցիա էր՝ պահանջելու, որպեսզի չբարձրացնեն հոսանքի գինը:
Այսինքն՝ դեռ նույնիսկ փողոցը չէր փակվել, երբ սկսեցին… մարդկանց թույլ չտվեցին մոտենալ շենքին (Սարյան փողոցում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շեքի դիմաց.- Բ.Ա.): Հետո ստացվեց՝ փողոցը հենց իրենք փակեցին, երբ որոշ մարդիկ բակերով շրջանցելով՝ այնուամենայնիվ մոտեցան շենքին, նրանց միանգամից բռնեցին և շատ կոպիտ ձևով նստեցրեցին ոստիկանական մեքենաները: Հետո, երբ ժողովուրդն իմացավ դրա մասին և սկսեց ընդվզել, սկսեցին ժողովրդին հրմշտել. մի խոսքով, ամեն ինչ արեցին՝ դրդելու, որպեսզի ժողովուրդը սկսի դիմադրել:
Հետո ժողովուրդը փակեց փողոցը՝ մեքենայի դիմացը, որպեսզի թույլ չտան ձերբակալվածներին տանել բաժանմունք, սկսեցին արդեն իրենց հարվածել, տղաներից մի քանիսի գլխին էին ծնկով հարվածում, ականջներից բռնած գլխից բարձրացնում էին գետնին նստածներին…»,- պատմեց մեր զրուցակիցը:
Ըստ Գորգիսյանի՝ ոստիկանները խախտել են քաղաքացիների սահմանադրական բոլոր իրավունքները. «Ոստիկաններն ասացին, որ չարտոնված հավաք էր: Բայց չարտոնված հավաքի դեպքում ոստիկանները պարտավոր են բարձրաձայնել, հայտարարել, որ հավաքն արտոնված չէ, և խնդրել ժողովրդին ցրվել: Եթե ժողովուրդը հրաժարվում է ցրվել, ոստիկանները նույնպես պարտավոր են ապահովել հավաքված ժողովրդի անվտանգությունը: Ոչ թե՝ ծեծով նրանց այդտեղից ցրել և տանել ոստիկանական բաժանմունք: Հետո, բաժանմունք տանելուց հետո էլ, այն 3 ժամը, որի ընթացքում պետք է ազատ արձակեին, նույնպես խախտվել է»: