ՌԴ-ը մոտ ժամանակներս կարող է հանդես գալ ԼՂ-ի խնդրի կարգավորման նոր նախաձեռնությամբ. Սերգեյ Մարկով
Haqqin.az-ին տված հարցազրույցի ժամանակ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը մեկնաբանել է այսօր Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, որի ժամանակ նրանք անդրադարձել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Մարկովը հայտարարել է, որ ներկա դրությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը գտնվում է բավական ինտենսիվ փուլում: Մարկովը կարծում է, որ Լավրովի այցերը Բաքու ու Երևան նույնպես վկայում են շատ բանի մասին:
Մարկովի խոսքերով՝ պաշտոնական Բաքուն դժգոհ է ներկայիս իրավիճակից կարծելով, որ խաթարվել են իր ազգային շահերը. «Կարծում եմ, որ այսպիսի իրավիճակում անհրաժեշտ է ընդունել փոխընդունելի տարբերակ, որը կարտացոլի կողմերի շահերը:
Այժմ տեղաշարժեր կան, և դրանում զգացվում է ռուսական կողմի շահագրգռվածությունը: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հարցում օրակարգից ընդհանրապես հանվեց ղարաբաղյան հարցը: Այսինքն ընթանում են ինտենսիվ գործընթացներ, և Ռուսաստանը փորձում է գտնել այդ հակամարտության կարգավորման փոխընդունելի որոշում»:
Անդրադառնալով Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների այսօրվա հեռախոսազրույցին՝ Մարկովն ընդգծել է, որ Պուտինը, ամենայն հավանականությամբ, կարիք է ունեցել իմանալ Ղարաբաղի հարցում ադրբեջանական կողմի դիրքորոշումը. «Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս հանդես կգա հակամարտության կարգավորման նոր նախաձեռնությամբ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Մոդեստ Կոլերովը ներկայացրել էր Ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային կարգավորման վերաբերյալ իր 10 դրույթները: