Ինչպես կազդի «Տոնուս»-ի սեփականատիրոջ մահը՝ խաբված բնակիչների ու սնանկության դատական գործընթացի վրա
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանի մահը ազդեցություն չպետք է ունենա խաբված բնակիչների ու ընկերության սնանկության խնդրով դատական գործընթացի վրա: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Տոնուսի» սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը:
«Չեմ կարծում, թե դա որևիցե ազդեցություն պետք է ունենա, որովհետև մինչև հիմա էլ նա ներգրավված չի եղել վարույթի մեջ, բացի քրեական գործից, որի մասին էլ միայն քննիչը կարող է ասել»,- նշեց Հ.Ղամբարյանը:
Նա նաև հայտնեց, որ դատարանում պահանջների քննման գործընթացը կասեցվել է, քանի որ այլ դատարանում 2 քաղաքացի վիճարկում են «Արցախբանկի» պահանջի գրավով ապահովվածությունը. «Պետք է պարզել՝ արդյոք պահանջը գրավով ապահովվա՞ծ է, թե՞ ոչ: Դա ամբողջությամբ փոխում է գործի ընթացքը»:
Հիշեցնենք, որ ըստ Հ.Ղամբարյանի, «Տոնուսի» սնանկացման պատճառը վարկային միջոցները ոչ ճիշտ ծախսելն էր և այժմ բանկի պահանջից է կախված՝ հնարավոր կլինի՞ առողջացման տանել ընկերությունը, թե՞ ոչ: