
ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկը համալրվել է (լուսանկարներ)

ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկը համալրվել է նոր տեսարժան վայրերով, հաղորդում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ գործակալությունը:
Շաբաթ օրը Դոհայում կայացած նիստում որոշում է կայացվել եւս չորս մշակութային օբյեկտ ընդգրկել համաշխարհային ժառանգության ցանկում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում այսուհետ տեղ կգտնի Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքի ամրոցը, որի մասին հիշատակումներ են հանդիպում հնագույն պատմական աշխատություններում:
Մյուսը Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի պատմական կենտրոնն է: Քաղաքը դեռևս 7-րդ դարում Կարմիր ծովի արևելյան ափի խոշոր նավահանգիստներից մեկն էր համարվում:
Ցանկում է ընդգրկվել նաև ճապոնական Տոմիոկա քաղաքում մետաքսի արտադրության հին գործարանը:
1920-ականներին Նիդեռլանդներում կառուցված Նելեֆաբրիկ գործարանը նույնպես համալրել է ցանկը: Գործարանը համարվում է երկու պատերազմների միջեւ ընկած ժամանակահատվածում մոդեռնիզմի վառ օրինակ:
Բացի այդ, որոշում է կայացվել համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել նաեւ Մետաքսի մեծ ճանապարհը: Հնագույն շրջանում եւ միջնադարում Արեւելյան Ասիան Միջերկրական ծովի հետ կապող հայտնի քարավանային ճանապարհը ցուցակում ընդգրկելու հայտը ներկայացվել է Չինաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի կողմից` համատեղ: