Բաժիններ՝

Գրագողությունը լուրջ մարտահրավեր է նաեւ Վրաստանի լրատվական դաշտում

Վրաստանի ազգային գործակալությունը` GHN-ը գործում է սեփական եկամուտների հաշվին եւ պետությունից գումար չի ստանում: Այս կերպ գործակալությունը համարվում է անկախ եւ կարող է ներկայացնել բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն: Գործակալության տնօրեն Գոչա Միրցխուլավայի ներկայացմամբ, գործակալության հիմնադրման ժամանակ գլխավոր առաջադրանքը, որ դրել էին իրենց առջեւ` դաշտում հաստատվել որպես օբյեկտիվ տեղեկատվություն ներկայացնող գործակալություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հանքավանի «Անի ռեզորթ» հանգստյան տանը կայացած «Ազգային լրատվական գործակալություններ. արժեքներ, միտումներ եւ համագործակցություն» խորագրով համաժողովի ժամանակ անդրադառնալով գործակալության մարտահրավերներին, Միրցխուլավան հատկապես առանձնացրեց վրացական մեդիադաշտում առկա գրագողության խնդիրը:

«Այսպես ասած copy-paste հասկացությունը շատ լուրջ խնդիր է: Սա շատ տարածված երեւույթ է Վրաստանում, երբ վերցնում են քո սեփական արտադարանքը եւ անգամ մեկ բառ չեն փոխում եւ տեղադրում են իրենց կայքում, առանց որեւէ հղման: Լինում են զավեշտալի դեպքեր, երբ մեր ներկայացրած բացառիկ նյութերն ու լուսանկարները հայտնվում են մեր «մրցակից» լրատվամիջոցի կայքում իբր կես ժամ շուտ»,- ասաց նա` հավելելով, որ Թբիլիսիում որեւէ կերպ չեն կարողանում խնդրի լուծման ուղին գտնել, քանի որ եթե յուրաքանչյուր հեղինակային խախտված իրավունքի համար լրատվամիջոցը դիմի դատարան, ապա նա պետք է դատարաններից դուրս չգա:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն էլ ներկայացրեց հայկական փորձը` հավելելով, որ Հայաստանում նույնպես տարածված էր գրագողությունը, սակայն Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունեց եւ այժմ գրագողության դեպքերը նվազել են, քանի որ կայքերը փորձում են պահպանել օրենքն ու պատշաճ հղում են կատարում:

Անդրադառնալով գործակալության աշխատանքին, Միրցխուլավան շեշտեց, որ իրենց կարեւագույն առաքելություններից մեկը վերլուծական հոդվածներն են, որոնք օգնում են ոչ միայն հասարակությանը, այլեւ հաճախ դառնում ազդակ քաղաքական գործիչների համար: Բացի այդ, գործակալությունը տարբեր նախագծեր է իրականացնում, որոնցից, Միրցխուլավան առանձնացրեց այսպես կոչված «ոսկե ֆոնդ»-ի հավաքումը, երբ գործակալության աշխատակիցները հանդիպում են Վրաստանի մտավորականներին, պատրաստում ֆոտոպատմություններ, հարցազրույցներ, ձայնագրում նրանց ստեղծագործությունները, որոնք հետագայում վերածվելու են խոշոր մշակութային արխիվի եւ մեծ հարստության:

Հունիսի 20-ին հանքավանում մեկնարկել է «Ազգային լրատվական գործակալություններ. արժեքներ, միտումներ եւ համագործակցություն» խորագրով համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Վրաստանի ազգային գործակալությունների ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս