Օրենքում շատ կիքսեր կան. Արամ Մանուկյանը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի մասին
«Հեգնանք չհամարեք խոսքերս` Դուք կարդացե՞լ եք այս օրինագիծը մինչև վերջ, թե՞ Դուք հավատացել եք ձեր իրավաբանական վարչությանը, որ ասել է, որ կազուսներ չկան, մինչդեռ այստեղ շատ կիքսեր կան»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա բերեց մի օրինակ` գրված է, որ «մասնակցի լռությունը ֆոնդերին միանալու հետ կապված համարվում է կամքի արտահայտություն»: Պատգաամվորը նաև նշեց, որ եթե պարտադիրը հանվել է, ապա ինչպե՞ս է, որ 7-րդ 8-րդ գլուխը պարտադիրի մասին է, ինչո՞ւ է նշվում «պարտադիր» բառը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պարզաբանեց, որ պարտադիր հիմնադրամ և պարտադիր մասնակցությունը տարբեր բաներ են. «Սահմանել ենք պետության մասնակցության պարտադիր հիմնադրամ: Հասկացություններում դա ցույց է տրված»: Իսկ տարբեր թերացումների հետ կապված նա նշեց, որ իհարկե, կարելի է միշտ ավելի լավ օրինագիծ ունենալ:
«Ձեր ասած բացատրությունները օրենքում չկան: Եթե դահլիճում որևէ մեկը կա, որ հասկացել է, որ պարտադիր ֆոնդը պետությանն է վերաբերում, ես ներողություն կխնդրեմ»,- հակադարձեց Ա.Մանուկյանը: