
Խուան Կառլոսը ստորագրել է իսպանական գահին հրաժեշտ տալու մասին խորհրդարանական ակտը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի թագավորական գահից հեռացող Խուան Կառլոս I-ը ստորագրել է գահից իր հեռանալու մասին խորհրդարանական ակտը: Ստորագրման հանդիսավոր արարողությունն անցկացվել է Մադրիդի արևմտյան հատվածում:
Ակտը ստորագրելուց հետո 76-ամյա միապետը ողջագուրվել է իր իրավահաջորդի՝ որդու հետ: Ապագա թագավոր Ֆելիպե VI-ը պետք է խորհրդարանում երդում տա այսօր առավոտյան: 46-ամյա Ֆելիպեն ձևականորեն Իսպանիայի թագավոր է դարձել արդեն կեսգիշերին, երբ հոր կողմից գահից հրաժարվելը մտավ ուժի մեջ:
Այն, որ Խուան Կառլոսը հրաժարվում է գահից, հայտնի դարձավ հունիսի 2-ին: Այն ժամանակ այդ մասին հայտարարել էր Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը: