Արթուր Նալբանդյան. Անպատվություն է համայնքի ղեկավարի ու դպրոցի տնօրենի համար, եթե երեխան դպրոց չի հաճախում՝ կոշիկ կամ հագուստ չունենալու պատճառով
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, երեխաների հիմնահարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների և ՀՀ իրավասու մարմինների կողմից պարտադիր ուսուցումից դուրս մնացած դեռահասների վերաբերյալ վերջին մեկ-երկու տարում անցկացրած համատեղ ուսումնասիրությունը լուրջ անհանգստություն առաջացրեց հանրապետության գրեթե բոլոր տարածաշրջաններում:
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հենց Լոռու մարզում ձեռնարկել խնդրի խորն ուսումնասիրման և իրավիճակի բարելավմանն ու կարգավորմանն նպատակաուղղված փորձնական ծրագիրը: Սկզբի համար այն ընդգրկելու էր Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանն ու Վանաձոր քաղաքը: Փորձնական ծրագիրը գործելու է մինչև ընթացիկ տարեվերջ:
Հիմնահարցի՝ այն է հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, նրանց դեպի դպրոց ուղղորդման և հետագայում հանրակրթությունից դուրս մնալու դեպքերը կանխարգելելու խնդրի առավել արդյունավետ լուծման նկատառումով Ծրագիրն իր մեջ ներառում է նաև համաձայնագրի կնքում համայնքապետարանների, հանրակրթական դպրոցների, անչափահասների առողջական խնդիրներով զբաղվող առողջապահական կազմակերպությունների, ՀՀ ոստիկանության անչափահասների բաժինների, սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների, մարզային համակարգող խորհրդի և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների միջև:
Հունիսի 16-17-ին Լոռու մարզպետարանի դահլիճում վերոնշյալ կառույցների ղեկավարները կնքել են բազմակողմ Համաձայնագիր: Մինչ այդ ծրագրի դերի, նպատակի ու իրականացման գործողությունների մասին ներկաներին պարզաբանում տվեց Լոռու մարզի համակարգող խորհրդի ղեկավար մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:
Համաձայնագրի կնքման արարողությանը ներկա էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: «Ես ակամա գալիս եմ այն եզրահանգման, որ որոշ դպրոցների ղեկավարներ ու մանկավարժներ շահագրգիռ են ավելի շատ աշակերտ-թիվ ցուցանիշի կատարմամբ, դպրոցի բյուջեում հնարավորինս մեծ ֆինանսական մուտքեր ապահովելու ձգտմամբ, քան՝ կոնկրետ երեխայի ճակատագրի նկատմամբ: Եթե մատաղ սերունդը կրթված չէ, նա լիարժեք քաղաքացի չէ, նա ոգեպինդ զինվոր ու հայրենասեր լինել չի կարող»,- ասել է Ա. Նալբանդյանը՝ հավելելով, որ անպատվություն է այն համայնքի ղեկավարի ու դպրոցի տնօրենի համար, եթե տվյալ գյուղում կամ քաղաքում երեխան դպրոց չի հաճախում՝ կոշիկ կամ հագուստ չունենալու պատճառով, իսկ նրանք ոչինչ չձեռնարկելով հանդերձ, չեն էլ ապավինում մարզի ղեկավարության աջակցությանը: