Արդյոք հնարավո՞ր էր կանխել երեխայի հիվանդության բացասական պրոգրեսիվող ընթացքը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած 2,3-ամյա Լիա Միսակյանի գործով փորձագետիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունը: Դատարանում փորձագետը պնդեց, որ հիվանդանոցում երեխային բուժելու համար կատարված և չկատարված գործողությունները բավարար չեն եղել հիվանդի վիճակը բարելավվելու համար:

Փորձագետն ասաց, որ եթե ի սկզբանե ճիշտ գնահատվեր Լիա Միսակյանի առողջական վիճակը, կատարվեին ճիշտ հետազոտություններ, ճիշտ ախտորոշում, նշանակվեր համապատասխան բուժում, ապա «չի բացառվում, որ հնարավոր կլիներ կանխել հիվանդության արագ և հարաճուն բացասական պրոգրեսիվող ընթացքը, սակայն և հարկ է նշել, որ անգամ այսպիսիք կատարելու պարագայում էլ միանշանակ ասել՝ արդյոք բուժումը հաստատապես կլիներ էֆեկտիվ, հնարավոր չէ»:

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանի հարցին՝ արդյոք կարելի՞ է ասել, որ փորձաքննության մեջ հստակ նշված չէ՝ արդյոք չկատարված գործողությունների, բուժման և երեխայի մահվան մեջ պատճառահետևանքային կապ կա՞, թե՞ ոչ, փորձագետը պատասխանեց, որ մինչև 2013թ. հունվարի 2-ը կատարված գործողությունները բավարար չեն եղել. «Արածը և չարվածը դրական արդյունք չեն ունեցել, դրանով նպաստել են հիվանդության վատ ելքին, այսինքն՝ հիվանդության խորացման համար»:

Գործով ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ փորձաքննության եզրակացության մեջ նշվել է, որ Լիա Միսակյանին պետք է պլազմայի փոխներարկում կատարվեր, ինչը չի արվել ո՛չ 2012թ. դեկտեմբերի 31-ին, ո՛չ 2013թ. հունվարի 1-ին, ո՛չ էլ հունվարի 2-ին: Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ պլազման լեյկոցիտների հետ ընդհանրապես կապ չունի և թե ինչու պետք է փոխներարկում կատարվեր, պարզ չէ:

Փաստաբանի խոսքով՝ երրորդ օրը երեխայի լեյկոցիտների քանակն ավելի ցածր է եղել, սակայն, ըստ փորձագետի, պլազմայի փոխներարկում չկատարելը առաջին երկու օրերին բժիշկների կողմից սխալ է եղել, իսկ երրորդ օրվա բժշկի կողմից դա չանելը սխալ չի եղել: Փաստաբանը փորձագետից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ առաջին երկուսի դեպքում փոխներարկում չկատարելը սխալ է եղել, իսկ երրորդի դեպքում՝ ոչ:

Ի պատասխան փորձագետն ասաց, որ երրորդ օրվա դրությամբ անգամ կատարված ճիշտ միջոցառումները, ըստ էության, արդյունք չեն տվել: Ըստ փորձագետի՝ արդեն 2013թ. հունվարի 2-ին երեխայի մոտ ծանրագույն վիճակ է եղել:

 

Տեսանյութեր

Լրահոս