
Տեղի է ունեցել բնապահպանական գործառույթներին առնչվող խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել բնական պաշարների օգտագործմանը և բնապահպանական պահանջների ապահովման խնդիրներին առնչվող խորհրդակցություն:
ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների ու ՀՀ բնապահպանության նախարարներ՝ Կարեն Ճշմարիտյանը, Երվանդ Զախարյանը և Արամայիս Գրիգորյանը ներկայացրել են բնապահպանական գործառույթների իրականացման ներկայիս մեխանիզմներն ու դրանց հստակեցման ուղղությամբ հնարավոր քայլերը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ գործառույթների հստակ տարանջատմանն ու պարզեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների իրականացումը: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին շարունակել քննարկումները և ներկայացնել կոնկրետ առաջարկություններ: