Փոխե՞լ սառնարանը, թե՞ ոչ. որն է ձեռնտու
Շատերի տներում կարելի է հանդիպել հին, որոշ դեպքերում՝ անգամ խորհրդային ժամանակներից մնացած սառնարան։ Մարդիկ նորը չեն գնում՝ գումար տնտեսելու նպատակով։
Եթե գումարը չի բավականացնում՝ նոր սառնարան գնելու համար, դա հասկանալի է։ Սակայն երբ գումարը կա, պարզապես մարդիկ մտածում են, որ հինը հնարավորինս երկար օգտագործելով՝ իրենք գումար են տնտեսում, դա արդեն միանշանակ չէ։ Հին սառնարանն ավելի թանկ է նստում, քան նորը։
Այսպես, յուրաքանչյուր սառնարան ունի էներգարդյունավետության իր կարգը՝ A, A+, A++: Հին սառնարանները նման մակնշում չունեն, սակայն էներգիայի ծախսով համապատասխանում են B, C և ավելի ցածր կարգերին։
Համեմատելու համար վերցնենք նույն ծավալի՝ 335 լիտր տարողունակությամբ երկու սառնարան՝ հին և նոր։ Նոր՝ A++ կարգի սառնարանը տարեկան ծախսում է միջինը 234 կՎտժ էլեկտրաէներգիա։ C կարգի սառնարանի տարեկան ծախսը 547 234 կՎտժ է։ Տարեկան կտրվածքով տարբերությունը կազմում է 313 կՎտժ։
Հայաստանում այսօր 1 կՎտժ էներգիայի սակագինը ցերեկային ժամերին 38 դրամ է, գիշերային ժամեին՝ 28 դրամ։ Եթե միջինը վերցնենք 33 դրամ, ապա կստացվի, հին սառնարանը տարեկան 10 հազար դրամից ավելի շատ է ծախսում՝ միայն էլեկտրաէներգիայի մասով։
Սրան գումարենք հին սառնարանի ընթացիկ վերանորոգումը, էլեկտրաէներգիայի թանկացումներն ու մնացած գործոնները։ Կստացվի, որ հին սառնարանը մի քանի տարի ավելի երկար օգտագործելը ոչ թե խնայողություն է, այլ հակառակը՝ շռայլություն։