Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետան, կրակոցների գործով տուժող. դատական առաջին նիստը՝ հունիսի 19-ին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին հնչած կրակոցների գործով դատական առաջին նիստը տեղի կունենա հունիսի 19-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Քրեական գործը կքննի դատավոր Նապոլեոն Օհանյանը, դատարանում մեղադրանքը կպաշտպանի դատախազ Կարեն Հարությունյանը: Քրեական գործում որպես տուժողներ են ներգրավված Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, ինչպես նաև Նիկոլայ Աբրահամյանը: Որպես տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ դատարանում հանդես կգա նրա հայրը՝ Էմիլ Բուդաղյանը: Ինչպես հայտնի է, մեղադրյալ Արտակ Բուդաղյանի շահերը կպաշտպանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ քրեական գործում այժմ միակ մեղադրյալը Արտակ Բուդաղյանն է, ով ևս դեպքի օրը վնասվածք էր ստացել և բավական երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում: Հիշեցնենք նաև, որ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, քանի որ նախաքննական մարմինը գտել էր, որ նրանց գործողությունները համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:

Հայկ Ալումյանը բողոքարկել է այս որոշումները, որոնց քննությունը շուտոկ կվերսկսվի Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Նշենք, որ «Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013 թ. հունիսի 1-ին, ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին՝ իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս