Սերժ Սարգսյանն ընդունել է Երիտասարդ նախագահների կազմակերպության ներկայացուցիչներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Երիտասարդ նախագահների կազմակերպության (YPO) Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամների հետ: Կազմակերպությունը, նպատակ ունենալով կրթության և գաղափարների փոխանակման միջոցով բարելավել ղեկավարումը, այսօր միավորում է ավելի քան 20,000 բիզնես ղեկավարների՝ 125 երկրներից: Երիտասարդ նախագահների կազմակերպության Մեծ Եվրոպայի մասնաճյուղի անդամները Հայաստան են ժամանել հունիսի 12-ին և հասցրել են մի շարք հանդիպումներ ու քննարկումներ ունենալ, այցելել Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրեր, ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու տնտեսությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է կազմակերպության ներկայացուցիչների այցը մեր երկիր և հույս հայտնել, որ երիտասարդ ղեկավարները կօգտվեն հայաստանյան այցի ընձեռած հնարավորություններից և նոր գործընկերային կապեր կհաստատեն, կծանոթանան Հայաստանի գործարար միջավայրին, տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարին:
Սերժ Սարգսյանը կարևորել է Երիտասարդ նախագահների կազմակերպության գործունեությունը՝ ուղղված երիտասարդ գործարարների համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը. միջավայր, որտեղ խրախուսվում են նոր տեսակետները, անընդհատ սովորելու և փորձը մյուսներին փոխանցելու ձգտումը՝ ոգևորելով միմյանց: Նախագահը պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Երիտասարդ ղեկավարները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են Հայաստանի հարաբերական առավելություններով, մեր երկրի զարգացման հեռանկարով, ներդրումային միջավայրով, իրականացվող բարեփոխումներով, Հայաստանի արտաքին քաղաքականությամբ և մի շարք այլ հարցերով:
ՀՀ Նախագահի աշխատակազմ