Գագիկ Բեգլարյանը մեկնել է Վերին Լարս
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր գործուղվել է Վերին Լարս: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ՏԿՆ փոխնախարար Արթուր Առաքելյանը:
«Օրվա ընթացքում ավելի հստակ և կոնկրետ լուրերի սպասենք»,- ասաց Ա. Առաքելյանը:
Ավելի վաղ, հիշեցնենք, որ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը տեղեկություն էր հրապարակել, որ Վերին Լարս – Կազբեգի ավտոճանապարհը բաց է և այսօրվանից գործում է։
Չնայած դրան, հայկական բեռնափոխադրողները դեռ չեն ուղևորվում դեպի Ռուսաստան կամ այնտեղից մեքենաներ դեռ չեն եկել: Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վրացի գործընկերները դեռ չեն տեղեկացրել, որ կարելի է մեքենաներ ուղարկել: Նրա խոսքով՝ Վրաստանում անձրևային եղանակը դեռ չի պարզվել և երեկ էլ վատ լուր Փոթիից էր ստացվել, որ Քութաիսիից հետո ճանապարհն էր փակվել՝ կրկին սողանքի պատճառով, որն արդեն մաքրել են: Մ. Առաքելյանը նշեց, որ հենց Լարսն անցանելի լինի, վրացի գործընկերներն իրենց տեղյակ կպահեն և բեռնափոխադրող մեքենաները ճանապարհ կընկնեն: