Կաթը` որպես դեղամիջոց
Բուժիչ նամակ
Հայաստանում ընտանի կենդանիների կաթն առնվազն 15-րդ դարից կիրառվել է աչքի և ականջի ցավի, միգրենի, չոր եղանակի պատճառով առաջացած շնչարգելության, թոքախտի դեպքում։
«Կենդանիների կաթը լավ է խմել գարնանը։ Կաթը հարկավոր է վերցնել երիտասարդ, առողջ, ոչ գեր, լավ կերակրված կենդանուց։ Սև կենդանու կաթը դանդաղ է մարսվում, սպիտակ կենդանունը` արագ։ Լեռներում արածած կենդանիների կաթն ավելի դյուրամարս է, քան անտառում արածած կենդանիներինը։
Կաթը սննդարար է, ուժ է տալիս ուղեղին և տաքացնում է մարմինը, ցրում է մոռացկոտությունը, անհանգստությունն ու վախը։ Կաթը մեղրով խմելու դեպքում կապաքինվեն աղիների խոցերը։ Կաթ խմելուց հետո այլևս ոչինչ չպետք է ուտել և խմել, մինչև կաթը մարսվի։ Կաթը վնաս է ատամներին և լորձով ուղեկցվող հիվանդությունների դեպքում։ Կաթ խմելուց հետո լավ կլինի բերանը ողողել ջրով։ Կաթը մթագնում է աչքերը, առաջացնում է հավկուրություն և սրտխփոցներ, երիկամներում քար է գոյացնում։ Կաթը գազեր է առաջացնում։ Բայց եթե կաթ խմելուց հետո չամիչ ուտեն, գազեր չեն առաջանա։ Կաթի վնասակար ազդեցությունը չեզոքացնում է մեղրը»,- գրել է Ա. Ամասիացին։
Ժողովրդական դեղատոմսեր
Լյարդի հիվանդություններ. Խառնեք գազարի թարմ հյութ և եփած գոլ կաթ (1։1)։ Խմեք 200 մլ` օրը 1 անգամ, նախաճաշից 1-1,5 ժամ առաջ։ Բուժման ժամկետը կախված է մարդու առողջական վիճակից։
Ստամոքսահյութի բարձր թթվայնություն, ստամոքսաբորբ, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոց. Խառնեք 100 մլ եփած տաք կաթ և գազարի 50 մլ թարմ հյութ։ Խմեք նախաճաշից 1 ժամ առաջ։ Շարունակեք 6-8 շաբաթ։
- Խմեք 200-ական մլ գոլ (30-32C) կաթ` օրը 2-3 անգամ, ուտելուց 1-1,5 ժամ առաջ` 1 ճ/գ մեղրի հետ։
Այրուցք. Խառնեք եփած գոլ կաթ և ջուր (1։1)։ Խմեք 200 մլ` նախաճաշից 1 ժամ առաջ։ Շարունակեք 3-4 շաբաթ։
Միզաքարային հիվանդություն. Խմեք 200-ական մլ թարմ եփած կաթ` օրը 3-5 անգամ` մեզի թթվային ռեակցիայի դեպքում։ Ալկալային ռեակցիայի դեպքում կաթը հակացուցված է։
Փսորիազ. Կաթը հասցրեք եռման ջերմաստիճանի, 5 րոպեից անջատեք կրակը։ Կաթը տեղափոխեք այլ տարայի մեջ, իսկ առաջին կաթսայի պատերի վրա առաջացած ճերմակ փառով մշակեք հիվանդ մաշկը։
Ջլերի ոլորում. Մի քանի տակ (4-6) ծալած թանզիֆե անձեռոցիկն ընկղմեք տաք կաթի մեջ, մզեք։ Դրեք ոլորված ջլի վրա, փաթաթեք հատուկ թրջոցների համար նախատեսված թղթով, վրայից կապեք բրդյա` ջերմացրած լաթ։ Կրկնեք 5-10 անգամ։
Ջղակծկում. Սագամատնունու (Potentilla anserina) 1 թ/գ չոր խոտը 1-2 րոպե եփեք 200 մլ եռացող կաթի մեջ, 15 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց 1-1,5 ժամ առաջ։
Մաստոպատիա. Սամիթի 100 գ սերմը լցրեք 500 մլ եռացող կաթի մեջ, 5 րոպե եփեք, 2 ժամ թրմեք տաք տեղում` փաթաթեք տարան լաթով, քամեք։
Խմեք 100-ական մլ` օրը 4-5 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 21 օր, կրկնեք 7 օրից` ըստ անհրաժեշտության։
Կերակրող մայրերի կաթն ավելացնելու համար. Խմեք 200-ական մլ կանաչ թեյի և կաթի խառնուրդ (1։1)` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։
Սթրես, գլխացավ. Հարեք 1 հավկիթ, լուծեք 200 մլ տաք կաթի մեջ։ Խմեք 200 մլ` օրը 1 անգամ, գոլ վիճակում։ Շարունակեք 7 օր։
Անքնություն. Խմեք 100 մլ գոլ կաթ, 1 թ/գ մեղրի հետ` քնելուց կես ժամ առաջ։
Բրոնխիտ, անգինա, ձայնի ժամանակավոր կորուստ. 100 գ ցորենի թեփը 1-2 ժամ եփեք 500 մլ կաթի մեջ` թույլ կրակի վրա, քամեք։ Խմեք 500-ական մլ` առավոտյան և երեկոյան` եփուկը պատրաստելուց 40 րոպե հետո։
Բրոնխիտ. Եղեսպակի (Salvia officinale) 1 ճ/գ չոր մանրացրած խոտը լցրեք 200 մլ կաթի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, 30 րոպե թրմեք, քամեք, կրկին եռացրեք։ Խմեք քնելուց առաջ, գոլ վիճակում։
- Տրորեք բանանի երկու պտուղ, խառնեք 1 ճ/գ շաքարավազ, լցրեք 200 մլ տաք կաթի մեջ։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 5-10 անգամ, գոլ վիճակում։
- Բողկի թարմ հյութը (նախընտրելի է սևը) խառնեք կաթի հետ (1։1)։ 100 մլ կոկտեյլի մեջ լուծեք 1 թ/գ մեղր։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 6 անգամ։ Օգտակար է քրոնիկ բնույթի` երկարատև, չբուժվող հազի դեպքում։
Անգինա. Վարսակի անմշակ սերմը (կճեպով) լվացեք, 100 գ հումքը 1 ժամ եփեք 500 մլ կաթի մեջ` թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ, վերջինը` քնելուց առաջ։
Հիպերտոնիա. Տրորեք մասուրի 10 գ պտուղ, լցրեք 150 մլ թարմ կաթի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, 20 րոպե եփեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 1 ամիս, կատարեք տարին 3 անգամ, 4-ական ամիս ընդմիջումներով։
- Տրորեք 1-2 ատամիկ սխտոր, 30 րոպե մարմանդաեփ արեք 200 մլ կաթի մեջ, քամեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 2-3 անգամ։
Հարբուխ. Խառնեք սոխի կամ սխտորի հյութ և կաթ (1։2-1։4), կաթեցրեք 3-6 կաթիլ յուրաքանչյուր քթանցքին։ Եթե կա այրոցի զգացում, ավելացրեք կաթի մասնաբաժինը։
Նեյրոդերմիտ. 100 գ բուսայուղը (ցանկալի է` ձիթենու) լուծեք 500 մլ կաթի մեջ` խառնեք, մինչև ստացվի համասեռ զանգված։ Լուծույթն ավելացրեք լոգանքի ջրի մեջ (36-38 C, 15 րոպե)։ Կատարեք շաբաթը 1 անգամ։ Օգտակար է չոր մաշկի դեպքում։
Երեխաների համար
Թունավորում. Մեկ հավկիթի սպիտակուցը հարեք կես թ/գ շաքարավազի հետ և լուծեք 100 մլ եփած գոլ կաթի մեջ։ Խմեցրեք երեխային։
Հաճախակի զկրտոց. Խմեցրեք գոլ կաթ` ոչ մեծ կումերով։
Գիշերային հազ. Հարեք 1 հավկիթ և 1 թ/գ մեղր, լուծեք 200 մլ տաք կաթի մեջ։ Խմեցրեք 100-ական մլ` քնելուց առաջ և գիշերը` հազի նոպայի դեպքում։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները:
Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: