
Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազը դիմել է եվրոպական դատարան

Deutsche Welle-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան ու նրա որդի Արտյոմը մայիսի 30-ին հայց են ներկայացրել Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարան` պահանջելով չեղյալ հայտարարել մարտի սկզբին ԵՄ-ի Խորհրդի կողմից իրենց նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Նախկին գլխավոր դատախազը, ով Վիկտոր Յանուկովիչի ու նախկին նախագահի մյուս մերձավորների հետ միասին ուկրաինական հետաքննությունից թաքնվում է Ռուսաստանում, չի ցանկանում հաշտվել այն մտքի հետ, որ ԵՄ-ում իրենց հաշիվները սառեցված են:
Եվրոպական դատարանի տվյալների բազայում, ուր առկա են հայցվորների մասին բոլոր տվյալները, Վիկտոր Պշոնկայի ու նրա որդու մասով նշված է, որ նրանք հանդիսանում են Ռուսաստանի քաղաքացիներ:
Ապրիլին Ռուսաստանում ընդունվել էր քաղաքացիության տրամադրումը դյուրացնող օրենքը, ըստ որի` ռուսական անձնագիր ստանալու համար ռուսերեն լեզվի կրողներից պահանջվում է 5 տարի Ռուսաստանի տարածքում բնակություն, կամ էլ, որ Ռուսաստանը հանդիսանա նրանց ծնողների մշտական բնակության վայրը:
Եթե Պշոնկան չի ընկնում այդ օրենքի տակ, ապա նրան քաղաքացիություն կարող է տրամադրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով: Սակայն Ռուսաստանի օրենսդրության տվյալների բազայում բացակայում է նման հրամանը: Չի բացառվում, որ Վիկտոր ու Արտյոմ Պշոնկաները վաղուց ունեն ռուսական անձնագիր: