Երբ Կրեմլի էմիսարները մեզ վրա մատ են թափ տալիս իմ մեջ տագնապ է առաջանում ՀՀ-ի ինքնիշխանության, մեր մշակույթի, մեր լեզվի համար. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.
«Ռուսաստանի փոխվարչապետ, «Ռոդինա» ազգայնական կուսակցության հիմնադիր Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ կոչ է արել վերականգնել Խորհրդային Միությունը՝ «հավաքելով քարերը», որոնք «ցրվել են քառորդ դար առաջ, երբ սովետական ժայռն առաջին ճաքը տվեց»:
Ես շնորհակալ եմ ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ռոգոզինին՝ անկեղծության համար: Սովորաբար ռուսաստանցի չինովնիկները համոզում են, որ իրենց ինտեգրացիոն ծրագրերը զուտ տնտեսական են, եւ այն մարդիկ, որոնք խոսում են Խորհրդային Միության վերականգնման մասին, պարզապես ցանկանում են խոչընդոտել այդ փոխշահավետ համագործակցությանը:
Ռոգոզինի նման գործիչները բացահայտում են Կրեմլի իրական մտադրությունները: «Քարեր», ասինքն՝ խորհրդային հանրապետություններ հավաքելու փորձերն արվում են առանց որեւէ ճկունություն դրսեւորելու, կացնային մեթոդներով, կոպիտ շանտաժի լեզվով՝ «առանց մեզ դուք կորած եք», վիրավորելով այդ պետությունների բնակիչների արժանապատվությունը:
Հավանաբար, Կրեմլում նստած մարդկանց թվում է, որ հենց այդպես են նախկին խորհրդային ժողովուրդները մերձենալու Ռուսաստանի հետ: Չգիտեմ՝ ինչպես մնացած հանրապետություններում, բայց Հայաստանում՝ հաստատ: Ես դա ինձ վրա եմ զգում: Ինձ միշտ շատ հեռու էի պատկերացնում ազգայնականությունից:
Բայց այս վերջին տարվա ընթացքում՝ «խալաթի պատմությունից» սկսած, ես զգում եմ, թե ինչպես է իմ մեջ հասունանում ներքին ընդվզումը:
Երբ Կրեմլի էմիսարները՝ դիվանագետները, պաշտոնյաները, քաղաքագետները արհամարհանքով են արտահայտվում իմ երկրի եւ ժողովրդի մասին, երբ նրանք մեզ վրա մատ են թափ տալիս՝ իմացեք, եթե մենք չլինենք, թուրքերը ձեզ ոչնչացնելու են, երբ նրանք գալիս են այստեղ եւ դրսեւորում են այն, ինչ իրենց լեզվով կոչվում է хамство, իմ մեջ տագնապ է առաջանում Հայաստանի ինքնիշխանության, մեր մշակույթի, մեր լեզվի համար եւ ցանկություն՝ դրանք ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։