Ինչու է Երվանդ Զախարյանը շրջում թիկնապահներով. «Հրապարակ»

«Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանը, Կադաստրի կոմիտեից գնալով նախարարություն, իր հետ տարավ նաև իր ծառայողական Lexus LS 460 ներկայացուցչական դասի ավտոմեքենան»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Սա, իհարկե, միանգամայն բնական է, սակայն ուշագրավն այն է, որ նորանշանակ նախարարի 011 LL 55 համարանիշով Lexus-ին մշտապես ուղեկցում է նաև 172 UU 01 պետհամարանիշով ևս մեկ ավտոմեքենա՝ արտաճանապարհային Nissan X-Trail:

Նշենք, որ այս համարանիշով մեքենաները պետական պահպանության ծառայությանն են, և հենց այսպիսի՝ UU 01 սերիայով նմանատիպ արտաճանապարհային մեքենաներ են ուղեկցում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախագահ, վարչապետ, Երևանի քաղաքապետ, ԱԳ նախարար և այլք, քանզի դրանք նախատեսված են պաշտոնյայի անվտանգության երաշխավորների՝ թիկնապահների համար:

Իսկ այդպիսի պաշտոնյաներ Հայաստանում մի քանիսն են, որոնց, օրենքով սահմանված կարգով, կցվում են թիկնապահներ: Էներգետիկայի նախարարը, սակայն, մեր տեղեկություններով, այդօրինակ VIP պաշտոնյաների ցանկում չէ։ Ինչո՞ւ է Երվանդ Զախարյանը որոշել նախագահի ու վարչապետի նման թիկնապահներով շրջել, ի՞նչ վտանգ է զգացել, որ հատուկ պաշտպանության կարիք է ունեցել:

Այս հարցերն ենք փորձում պարզել շուրջ տասն օր: Սակայն մեր գրավոր հարցմանը հաջորդ օրն իսկ պատասխանեցին՝ նշելով, որ նախարարի մեքենան այժմ անսարք վիճակում է, վերանորոգման մեջ է, և մեր նշած մեքենան նրան ժամանակավոր է հատկացված»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս