
2018 թվականին Ռուսաստանում ֆուտբոլի Աշխարհի առաջնության կազմակերպումը կարող է արժենալ ավելի քան 20 միլիարդ դոլար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ն հաստատել է Ռուսաստանին ֆինանսական օգնության չափը՝ 2018 թվականի Աշխարհի առաջնությունը կազմակերպելու համար: Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում անցկացված ՖԻՖԱ-ի կոնգրեսում որոշվել է այդ նպատակով Ռուսաստանին հատկացնել 2 միլիարդ և 153 միլիոն դոլար:
2018 թվականին ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանի 11 քաղաքում: Standard & Poor’s վարականիշային գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանը 2018 թվականի Աշխարհի առաջնության կազմակերպման վրա կծախսի ավելի քան 20 միլիարդ դոլար, ինչի շնորհիվ այն պատմության մեջ կմտնի որպես ամենաթանկարժեք առաջնություն:
Ներկա դրությամբ ամենաթանկն այսօր Բրազիլիայում մեկնարկող մրցաշարն է, որի կազմակերպումն արժեցել է գրեթե 14 միլիարդ դոլար: