Քառյակի մեծ տարաձայնություններն ու փոքր ընդհանրությունները

Քառյակը ներկայացնող խմբակցությունների ներկայացուցիչները` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Ժառանգության» ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը համատեղ ասուլիս հրավիրեցին և հենց ասուլիսի ժամանակ ստորագրեցին 12 կետից բաղկացած հայտարարություն: Հայտարարության մեջ ներկայացված են պահանջներ, որոնց իրականացման համար կառավարությանը մինչև սեպտեմբերի վերջ ժամանակ տրվեց:

Այս հայտարարությունը և պահանջագիրն այն ստորագրողները բնորոշեցին՝ որպես կոմպրոմիս, որը կայացել է չորս ուժերի միջև: Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ «մի մասն ավելի արմատական է`հեղափոխական փոփոխությունների կողմնակից, մյուս մասը՝ շրջահայաց, դանդաղ ընթացքի կողմնակից: Բայց բոլորիս միավորում է անհանգստությունը, որ երկիրը կործանվում է, վտանգված է երկրի, ԼՂՀ անվտանգությունը, վստահություն չկա, աղետալի արտագաղթ է, համակարգային կոռուպցիա, անարդարություն է տիրում»: Իհարկե, Լևոն Զուրաբյանի հետ կարելի է համաձայնել. բայց արդյո՞ք այն պահանջները, որ ներկայացնում է քառյակն իշխանությանը, լուծում են այդ խնդիները: Իրականում քառյակի պահանջները խիստ պոպուլիստական բնույթ ունեն, որոնց նույնիսկ 100 տոկոսանոց իրականացումը չի կարող ոչ կոռուպցիան պակասեցնել, և ոչ էլ ապահովել երկրի անկախության կորուստը:

Քառյակից ավելին սպասել չէր էլ կարելի, քանի որ դրա ներկայացուցիչներն ուղղակի սարսափի մեջ էին ընկնում, երբ լրագրողները հարցնում էին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նման պահանջի բացակայությունը բացատրում է այսպես. «Մենք համարում ենք, որ պարզապես Սերժ Սարգսյանի հեռացումը երկիրը չի փրկի, եթե մենք չգիտենք՝ դրանից հետո ինչ համակարգ ենք ունենալու: Մենք բազմիցս տեսել ենք, որ անձինք հեռացել են, ու իշխանության եկածներն օգտվել են բարիքներից, և իշխանափոխությունն էլ չի ծառայել ժողովրդին»: Պարզվում է, որ ՀՅԴ-ն մինչև հիմա չգիտի, թե ինչ համակարգ ենք ունենալու Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո. մինչդեռ ՀՅԴ-ն արդեն տևական ժամանակ հայտարարում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին:

Բացի այդ, Արմեն Ռուստամյանը մի դեպքում էլ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարելու է մինչև 2017-2018թթ.: Ասուլիսին ներկա մյուս կուսակցությունների ներկայացուցիչներից որևէ մեկը չհակադարձեց նրան՝ ասելով, որ չի կարող Սերժ Սարգսյանը պաշտոնավարել մինչև Ռուստամյանի նշած ժամկետները, կամ, որ իրենք դա թույլ չեն տա:

Կարդացեք նաև

Իրեն արմատական և անվախ փորձեց դրսևորել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը. «Մեզ համար տաբու հարցեր, տաբու խնդիրներ չկան: Այս փուլում ԲՀԿ-ն իր երեք գործընկերների հետ նպատակահարմար է գտել այս հարցերի ներկայացումն իշխանությանը, որից հետո մենք ժողովրդի հետ կծրագրենք մեր հետագա քայլերը: Կրկնում եմ` մեզ համար տաբու հարցեր չկան»: Մենք կհամարեինք, որ Նաիրա Զոհրաբյանի և նրա ներկայացրած ԲՀԿ-ի համար իսկապես տաբուներ չկան, եթե Նաիրա Զոհրաբյանը գոնե կիսաձայն ասեր, որ տաբու չկա նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարցում: Չնայած չի բացառվում, որ իսկապես 2018թ. հետո ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն որոշեն պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ուղղակի, ինչպես ասում է Նաիրա Զոհրաբյանը, այս փուլում իրենք այլ պահանջ են դնում:

Ավելի անհասկանալի է ամենաարմատականը համարվող ՀԱԿ-ի վիճակը, որի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մեկ հայտարարում էր, որ իրենք չեն կարող որևէ պահանջ ունենալ գործող իշխանությունից, որ իրենք համարում են, որ «չարի ծառ Սերժ Սարգսյանը չի կարող բարի պտուղ կառավարություն ունենալ», և հենց այդ պատճառով չեն կարող պահանջ ունենալ այդ «չար ծառի չար պտուղներից», բայց մյուս կողմից՝ նա համաձայնում էր այս պահանջների հետ և իշխանությանը մինչև սեպտեմբեր ժամանակ տալու հարցում:

Թվում է, թե քառյակի ներկայացուցիչներն ավելի շատ տարաձայնություններ ունեն, քան ընդհանրություններ: Օրինակ, ՀԱԿ-ն իրեն համարում է արմատական և փորձում է ամեն կերպ ընդգծել, որ ի տարբերություն մյուս կուսակցությունների՝ իրենք անզիջում պայքար են մղում Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ և չեն ճանաչում այդ ռեժիմի գոյության օրինականությունը: ՀՅԴ անդամները կողմ են սահմանադրական փոփոխություններին և կարծում են, որ այդ միջոցով կարելի է հասնել համակարգային փոփոխությունների, մինչդեռ մյուս երեք կուսակցությունները կարծում են, որ սահմանադրական փոփոխությունները պետք է իրականացվեն միայն իշխանափոխությունից հետո:

Տարաձայնություններ կան նաև այլ սկզբունքային հարցերում: Այդ դեպքում կարող է հարց առաջանալ, թե ինչպես է քառյակին հաջողվում պահպանել իր միասնականությունը, եթե ամենահիմնական հարցերում նրանք տարբեր մոտեցումներ ունեն, իսկ ընդհանրությունն արագաչափերի ու կարմիր գծերի շուրջ է:

 

Տեսանյութեր

Լրահոս