Ընդդիմադիր դաշտի ճահիճը
Խորհդարանական ոչ իշխանական ուժերն այսօր վերջապես կհրապարակեն այն հայտարարությունը, որը գրեթե մեկ ու կես ամիս պատրաստում են, և որը պարունակում է իշխանությանն ուղղված 12 պահանջ: Ոչ իշխանական քառյակն ակնկալում է, որ իշխանությունն այդ պահանջները կկատարի մինչև աշուն: Լրագրողների այն հարցերին, թե ինչ կանի ընդդիմությունը, եթե իշխանությունը մինչև աշուն չկատարի իրենց պահանջները, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց, որ ինքը չի սիրում պատասխանել հարցերի, որոնք սկսվում են «եթե»-ով: Բայց նա, այնուամենայնիվ, հայտարարեց, որ իրենց հայտարարության մեջ ներկայացված պահանջներն այնպիսին են, որ իշխանությունները կարող են դրանք իրականացնել:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ոչ իշխանական ուժերն իշխանությանը ներկայացնում են միանգաման իրականանալի պահանջներ, պահանջներ, որոնց իրականացումն իշխանության համար այնքան մեծ դժվարություն չի ներկայացնում:
Այդ դեպքում ավելի ակտուալ է դառնում մեկ այլ հարց. իսկ ի՞նչ են անելու ոչ իշխանական ուժերը, եթե աշնանը պարզվի, որ իշխանություններն ամբողջությամբ կատարել են ընդդիմության պահանջները: Արդյո՞ք դրանից հետո իշխանության և ոչ իշխանության միջև հաստատվելու է կոնստրուկտիվ երկխոսություն և համագործակցության ձևաչափ:
Կարելի է ենթադրել, որ այդ պահանջների կատարումից հետո ոչ իշխանությունը ներկայացնելու է նոր պահանջագրեր և հետևելու է, որպեսզի իշխանությունը հնարավորինս ճշգրիտ կատարի դրանք:
Ըստ էության, Հայաստանում տեղի է ունենում կամ արդեն տեղի է ունեցել ընդդիմության տրանսֆորմացիա: Եթե նախկինում ընդդիմությունը ձգտում էր հասնել իշխանության, որպեսզի կարողանա իրականացնել իր ծրագրերը, ապա այժմ ձգտում է հասնել նրան, որ իշխանությունը հաշվի նստի իր գոյության հետ և ապահովի այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ընդդիմությունը կկարողանա հանրային հետաքրքրություն ներկայացնող պահանջներ ներկայացնել իշխանությանը և հասնել այդ պահանջների իրականացմանը: Ընդդիմության ղեկավարները համարում են, որ նման համագործակցության ֆորմատի ձևավորումը ձեռնտու կլինի և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը: Այդ համագործացությունն ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար ոչ իշխանությունը պատրաստում է համապատասխան օրենսդրական բազա:
Երեկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ պատրաստվում է «Ընդդիմության մասին» օրենքի նախագիծ, որը կարող քննարկվել քառյակի շրջանակներում և դառնալ քառյակի համատեղ նախաձեռնությունը: Հակոբյանն ասում է, որ այդ օրենքը չի վերաբերելու ընդդիմությանը միայն վերահսկողական ֆունկցիաներ վերապահելուն: Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ականներն արդեն տևական ժամանակ պայքարում են ընդդիմությանն այդպիսի ֆունկցիաներ տալու համար:
Սկզբնապես ՀՅԴ խմբակցությունն առաջարկում էր ստեղծել հատուկ մարմին, որը կոչվելու էր «Հակակոռուպցիոն կոմիտե», որի ղեկավարումը հանձնվելու էր ընդդիմությունը:
Սրա գաղափարն այն էր, որ ազնիվ ընդդիմադիրները պետք է բացահայտեին իշխանության կոռուպցիոն սխեմաները: Հետագայում, համոզվելով, որ իրենց չի հաջողվում համոզել իշխանության` նման մարմին ստեղծելու հարցում, ՀՅԴ-ականներն առաջարկ ներկայացրեցին, որ ընդդիմությանը հանձնվի արդեն գոյություն ունեցող Վերահսկիչ պալատը, որն ամենամեծ վերահսկողական լիազորություններն ունեցող կառույցն է: Բայց իշխանությունը նույնիսկ այդ կառույցի ղեկավարումը չվստահեց ոչ իշխանությանը:
Հիմա ընդդիմությունն ուզում է օրենքի ուժով կանոնակարգել իր և իշխանության հարաբերությունները, որտեղ հստակ կֆիքսվեն, թե ինչ է տալիս իշխանությունն ընդդիմությանը և ինչ է պահանջում դրա փոխարեն: Օրինակ, օրերս «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` հանդես գալով եվրոպական կառույցների հայաստանյան ներկայացուցչությունների կողմից կազմակերպված մի սեմինարի ժամանակ, առաջարկում էր, որ կուսակցություններն ունենան պետական ֆինանսավորում, համարելով, որ հակառակ պարագայում կուսակցությունների գոյությունն ամբողջապես կախված է օլիգարխներից և նրանց կողմից հատկացվող ֆինանսական միջոցներից: Ընդդիմադիր կուսակցություններին պետական ֆինանսավորում հատկացնելը ևս կարող է ընդգրկվել «Ընդդիմության մասին» օրենքի նախագծում:
Հնարավոր է, որ այդ ֆինանսավորման դիմաց ընդդիմադիր կամ ոչ իշխանական կուսակցությունները պարտավորվեն տարվա մեջ առնվազն երկու անգամ պահանջագիր ներկայացնել իշխանությանը և դրանից հետո երեքամսյա ժամկետում հրապարակեն նախորդ պահանջագրի կատարման արդյունքների մոնիտորինգ: Չի բացառվում, որ ընդդիմությունը փորձի այդ օրենքում ֆիքսել մի կետ, որով ընդդիմությանը հնարավորություն կտրվի տարեկան երկու անգամ`գարնանը և աշնանը, կազմակերպել համաժողովրդական հանրահավաքներ և պահանջել ամբողջական և համակարգային իշխանափոխություն: Իշխանություններն իրենց հերթին` պետք է պարտավորվեն, որ չեն խոչընդոտի նման հանրահավաքների անցկացումը և իրենց կողմից կապահովեն 3-5 հազար հանրահավաքի մասնակից` դրանք առավել բազմամարդ և ազդեցիկ դարձնելու նպատակով:
Իշխանության ճգնաժամը հանգեցրել է ընդդիմության ճգնաժամին, այն լճացումը և ճահճացումը, որ կար իշխանական համակարգում, մեխանիկորեն տեղափոխվել և վարակել է ընդդիմությանը: Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները վերջնականապես կորցնելով ընտրությունների կամ այլ ճանապարհով իշխանության գալու և գոյություն ունեցող համակարգը փոխելու հեռանկարի հույսը, զբաղված են ինքնապահպանմամբ և ինքնավերարտադրմամբ: Նրանք հիմա առաջնորդվում են միայն մի նպատակով. ցույց տալ, որ շարունակում են ներկայացնել հասարակության որոշ շերտերի շահեր և դրանց շահարկման միջոցով կարողանան կրկին հայտնվել խորհրդարանում: Այս հարցում քառյակում բացարձակ կոնսենսուս է: