Յունիբանկը պահանջում է ներողություն խնդրել
«Յունիբանկ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել՝ Yerkir.am-ում հրապարակված հոդվածի առնչությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Ս.թ. հունիսի 5-ին և հունիսի 9-ին yerkir.am կայքում հրապարակվել է ապատեղեկատվություն, որն ակնհայտորեն միտված է «Յունիբանկ» ՓԲԸ-ի գործարար համբավի և հեղինակության արատավորմանը: Հաշվի առնելով հրապարակված տեղեկատվության անհեթեթությունը և ակնհայտ դիտավորությունը` վարկաբեկելու բանկի գործունեությունը, անգամ ավելորդ ենք համարում պատասխանել տվյալ «վերլուծական» հոդվածներին: Կարծում ենք, հանրությունը քաջատեղյակ է, որ Յունիբանկը Հայաստանի ամենավստահելի և կայուն բանկերից մեկն է, ինչի մասին վկայում են մեր ֆինանսական ցուցանիշները և 240 000 հաճախորդների թիվը:
Միևնույն ժամանակ պահանջում ենք yerkir.am-ի խմբագրությունից սեղմ ժամկետներում հրապարակավ ներողություն խնդրել ստահոդ լուրեր տարածելու համար: Բանկը նաև իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում դիմել դատարան` բարի համբավը և իր հաճախորդների շահերը պաշտպանելու համար»: