Պուտինը Պորոշենկոյին կոչ է արել անհապաղ դադարեցնել պատժիչ գործողությունը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին կոչ է արել ցուցաբերել բարի կամք ու պետական խոհեմություն` անհապաղ դադարեցնելու համար երկրի արևելքում իրականացվող հակաահաբեկչական գործողությունը:
Երեկ Դովիլում լրագրողը Պուտինին հարցրել է, թե ինչ է անհրաժեշտ` Ուկրաինայի արևելքում հրադադարի հասնելու համար: Ի պատասխան` Պուտինը հայտարարել է. «Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ուկրաինական ղեկավարության բարի կամքը կամ էլ եթե ցանկանում եք` պետական խոհեմությունը:
Այն պետք է ցուցաբերել: Պետք է անհապաղ կանգնեցնել այդ գործողությունը, պետք է անհապաղ հայտարարել հրադադարի մասին: Միայն այդպես կարելի կլինի պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի համար: Այլ կերպ անհնար է:
Եթե «Աջ սեկտորը» մասնակցում է ռազմական գործողությունների, իսկ դա ոչ պաշտոնական զինված միավորում է, առանց հետաքննության ու դատի կրակում է նրանց վրա, ովքեր հրաժարվել են կրակել ժողովրդի վրա, կամ էլ հոսպիտալ է գրավում ու կրակում վիրավորների վրա, մի՞թե դա կարելի է համար նորմալ պայման` բանակցային գործընթացի համար: Ոչ: Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել Ուկրաինայի հարավ-արևելքում իրականացվող պատժիչ գործողությունը»: