«Իմ բիզնեսին հլը չեն փորձել փայ մտնել, ես նոր եմ». սփյուռքահայ գործարար. aravot.am
aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Գյումրու Սլաբոդկա թաղամասում Հոլանդիայում բնակվող թուրքահայ Մասիս Ներսիսյանը բացել է կարի արտադրամաս` հետագայում այն հզոր, 10 հազար աշխատատեղով գործարան դարձնելու պայմանով: Լրագրողները մի քանի հարցեր ուղղեցին թե նրան, և թե նրա հոլանդացի երկու գործընկերներին: Զգալի էր, որ Մասիս Ներսիսյանը արտակարգ տիրապետում է Հայաստանում գործող բիզնեսի կանոններին, ոչ մի հարցից անակնկալի չէր գալիս, ընդհակառակը ամեն վայրկյան նախազգուշացնում էր, որ իր բիզնեսը, եթե չարդարացնի, իր ուզածով չլինի, ապա այն կտեղափոխի: «Ես 40-45 տարի էս գործի մեջ եմ, իմ մեծ պապը այս գործն է արել , հայրս` նույնպես, ես էլ եմ անելու: Մենք Թուրքիայում ենք սկսել այն, թուրքահայ ենք, բայց ես 40 տարի Հոլանդիայում եմ բնակվում: Ասեմ, թե ինչո՞ւ ամբողջ Հայաստանից ընտրեցի Գյումրին. ասում են` Գյումրին լավ քաղաք է, Գյումրիի ժողովուրդը լավ ժողովուրդ է, ասեցի փորձեմ, երկու տեղով սահման ունի. Թուրքիայի հետ, վաղը սահմանը բացվի եթանք, կոֆե խմենք- գանք , համ էլ Վրաստանը մոտիկ է: Ամեն ինչ մեզանից կախված չէ, մեկ էլ Գյումրիից է կախված:
Էս աշխատողները լավ պիտի աշխատեն, պիտի սովորեն, ես ասել եմ 10 հազար մարդ պիտի աշխատի, սա հեշտ չէ, հիմա փոքր է արտադրամասը, կարող է 5 տարվա մեջ, կարող է 10 տարվա մեջ մենք հասցնենք 10 հազար մարդու, մենք չենք ասել վաղը հենց 10 հազար մարդ պիտի աշխատի, որտե՞ղ կա 10 հազար մարդ, ամբողջ Լենինականը հավաքեն 10 հազար մարդ չկա…»,- ասել է նա:
Իսկ թե ինչքա՞ն է նախատեսում վճարել իր աշխատողներին, Մասիս Ներսիսյանն ասաց, որ գաղտնիք է : «Ես իրավունք չունեմ ասելու, ես գիտեմ, որ Հայաստանում մինիմում 40-45 հազար է, իհարկե` 45 հազար չեմ տա, էսի քիչ ա, բայց չեմ ասի ինչքան է»:
Լրագրողներից մեկը կատակով հարցրել է` չե՞ն փորձել ձեր բիզնեսի մեջ փայ մտնել: Այս հարցից սփյուռքահայը ամենևին էլ անակնկալի չի եկել. «Չէ հլը, մենք դեռ նոր ենք, երկու շաբաթ է` սկսել ենք, ինչ ասենք հիմա, կարող է սուտ լինի»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ aravot.am-ի