G7-ի առաջնորդները որոշում չեն ընդունել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին. Մերկել
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Բրյուսելում մեկնարկել է G7-ի գագաթաժողովը, որի ժամանակ քննարկվել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Գագաթաժողովի առաջին օրվա արդյունքներով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ G7-ի առաջնորդները որոշում չեն ընդունել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին.
«Ուկրաինայի ընտրություններն անցկացվել են: Մենք մտադիր ենք Նորմանդիայում Ռուսաստանի նախագահի հետ առաջիկա հանդիպումներում ազդանշան ուղարկել Ուկրաինայում ապաէսկալացման անհրաժեշտության մասին:
Եթե դա տեղի չունենա, ապա հետագայում մենք վերստին կքննարկենք պատժամիջոցների երրորդ փուլի սահմանման հնարավորությունը (ՌԴ-ի տնտեսության առանձին ոլորտների նկատմամբ առևտրային-տնտեսական սահմանափակումներ)»:
Մերկելի խոսքերով՝ G7-ի առաջնորդները Բրյուսելում քննարկել են Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպումներում քննարկվելիք երեք առանցքային հարց:
Մերկելը մանրամասնել է, որ նախևառաջ պետք է ընդգծել այն բանի կարևորությունը, որ Ռուսաստանը միջոցներ ձեռնարկի Ուկրաինայի ապաէսկալացման ուղղությամբ. «Երկրորդն այն է, որ Ռուսաստանի ղեկավարությանը կոչ է արվելու աշխատել Ուկրաինայի նախագահի հետ: Եվ երրորդ՝ պետք է դիմել Ռուսաստանին՝ խնդրելով կանխել կամավորների ու զենքի հոսքը դեպի Ուկրաինայի արևելք»: