Ճարտարապետ. 2009 թվականից հետո շինարարական աշխատանքները կանգ են առել (տեսանյութ)
«Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը եւ ճարտարագետ Միսակ Թեբելեկյանը այսօրվա ասուլիսում խոսեցին անշարժ գույքի շուկայում ներդրումների կատարելու շահավետության եւ հարկային դաշտի թերությունների մասին:
Հ. Բաղդասարայանը պնդում է, որ նախկինում սեզոնային ակտիվության խնդիր եղել է, իսկ հիմա խնդիրը կապված է մարդկանց մտածողության հետ. «Անշարժ գույքի շուկայում որոշակի ակտիվություն ունի վարձակալական ճյուղը, որը ժամանակի ընթացքում նույնպես աճ կարձանագրի: Վարձակալական ճյուղը ամեն տարվա վրա ավելի շատ առաջարկություններ կկրի՝ ավելի մեծ պահանջարկ կձեւավորվի, որովհետեւ էդ պահանջարկը միշտ աճելու միտում ունի: Դա այն ճյուղն է, որ անկախ երկրի վիճակից՝ աշխատելու է, որովհետեւ մտածելակերպ է փոխում հասարակության մեջ, երիտասարդ ընտանիքները առանձին են ապրում»:
«Այսօրվա վիճակով շինարարական ոլորտը ծայրամասերում շահութաբեր չէ: Կառուցապատման արժեքը, հողի արժեքը եւ պարտավորություննների, բանկային տոկոսների մասը, եթե ոչ տնտեսագետը նույնիսկ հաշվարկ անի՝ կտեսնի, որ դա ուղղակի արդեն գերազանցում է վաճառվող գույքի արժեքը»,- հավաստում է Հ. Բաղդասարյանը:
Ճարտարապետ Միսակ Թեբելեկյանը բացատրեց, թե բիզնես տեսանկյունից որքանո՞վ է այսօր Հայաստանում շահութաբեր անշարժ գույքի շուկայում ներդրումներ կատարելը. «Երբ ես այստեղ առաջին շենքը կառուցեցի՝ 2005 թվականն էր` լավագույն շրջանը: Եվ, իրոք, շատ դրական էր աշխատանքը եւ միաժամանակ հարկային դաշտը շատ բաց էր, չկային այդ մեծ պահանջները հարկային տեսակետից: Երկրորդը, որ մենք սկսեցինք, արդեն դիմեցինք «Ակցեռն»՝ տեսնելու, թե ինչպես կարող եմ ես, որ եկել եմ Հայաստան որպես ներդրող, աշխատել: Որոշեցինք, որ հենց ամենածանր՝ 2009 թվականին, սկսել շինարարություն, որպեսզի կարողանանք օգտակար լինել մեր երկրին բիզնեսի տեսանկետից, երբ արդեն հարկային դաշտը փոխված էր, ինչպես նաեւ ամբողջ համաշխարհային ճգնաժամի մեջ էինք:
Այսօր, երբ մենք արդեն ավարտել ենք շենքը, կարող եմ ասել, որ շահույթի տեսակետից շատ ցածր տոկոս է, որը չի համապատասխանում մինչեւ 2008 թվականը եղած շահույթի փոխհարաբերությանը: Այսօր շատ ցածր է, դրա համար էլ կտեսնեք, որ քաղաքում շատ քիչ կան շինարարություններ, որոնք կամ սկսած էին դեռ նախքան ճգնաժամը եւ ավարտեցին, իսկ նոր՝ ես չգիտեմ, եթե կան սկսած: Այն, ինչ մենք արեցինք, ուղղակի այդ բոլորը շահույթի վրա չէր, այլ այն, որ պետք է ներդրումներ անել մեր հայրենիքի մեջ»:
«Ես փորձեցի իմ գործընկերոջ պարոն Բաղդասարյանի հետ այնպես անել, որպեսզի ցույց տանք նաեւ, որ բոլոր պայմաններում կարելի է ներդրում անել եւ ծառայել այդ ներդրումային դաշտի հզորացմանը: Այսօր, սակայն, մենք ունենք շատ խնդիրներ, որոնք պետք է անպայման լուծել: Այս ակումբը, որ կա, մենք այդ խնդիրները շոշափում ենք, որովհետեւ դա է միակ ճանապարհը, որպեսզի մենք կարողանանք օգնել մեր երկրի տնտեսության զարգացմանը»,- հավելեց Մ. Թելեբեկյանը: