ՀԱԿ-ը դիրքորոշում կհայտնի ԵՏՄ-ի վերաբերյալ փաստաթղթին ծանոթանալուց հետո
Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է ՀՀ քաղաքական ուժերին՝ կոչով. պաշտոնական դիրքորոշում արտահայտել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ: «Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է ՀՀ նախագահից անհապաղ հրաժարվել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացից: 168.am-ի այն հարցին՝ ընդունելո՞ւ են «Ժառանգության» կոչը, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Քանի որ արել են, ուրեմն պետք է քննարկենք: Կարծում եմ՝ կքննարկենք»:
– Կո՞ղմ եք, թե՞ դեմ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալուն:
– Անձամբ ի՞նձ նկատի ունեք, որ կողմ եմ կամ ոչ: Նայած, թե ինչ պայմաններ են:
– Դուք ծանոթ չե՞ք պայմաններին:
– Պայմաններին ծանոթ եմ, բայց վերջնական դեռևս ճշգրտման կարիք կա. դուք շատ լավ գիտեք, որ վերջնական ճշտումները դեռևս արված չեն: Եվ վերջին հանդիպումն էլ, որ տեղի ունեցավ Եվրասիական միության այդ փաստաթղթի ստորագրման ժամանակ, դրա ապացույցն է, որ դեռևս ամեն ինչ պարզ չէ: Վերջնական պատկերը կլինի, փաստաթուղթը կլինի ամբողջական, թե ինչ պայմաններով է պատրաստվում Հայաստանի Հանրապետությունն անդամակցել այդ միությանը, այդ դեպքում ես իմ տեսակետը կհայտնեմ:
– Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի առաջադրած պայմանին ծանո՞թ եք:
– Տեղյակ եմ, շատ լավ տեղյակ եմ, դրա համար ասում եմ՝ պատասխանը կստանաք այն ժամանակ իմ կողմից, երբ ամբողջական փաստաթուղթը կլինի. նաև ձեր ասած հարցի պատասխանը ես էլ կստանամ, դուք էլ կստանաք՝ ի՞նչ է նշանակում՝ Նազարբաևի բարձրացրած հարցը:
– Նախապայմանն արդեն պարզ է:
– Պայմանը պարզ չէ: Հիմա շատ կարևոր է, թե հայկական կողմն ինչ ձևով դրան կպատասխանի: