«Թամարա» ՍՊԸ-ի տնօրենը՝ խախտումների մասին. «Ես իրավունք ունեմ չհավատալու այդ անալիզներին»
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «Թամարա» ՍՊԸ-ի «Քսան կոպեկ» «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը: Ըստ հայտարարության՝ «Թամարա» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Թամարա» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200 գր.» արտադրատեսակների նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
168.am-ի հետ զրույցում «Թամարա» ՍՊԸ-ի տնօրեն Խաչատուր Պողոսյանն ասաց. «Ես դեմ եմ, որ խախտումներ են եղել»: Խ.Պողոսյանն ասաց, որ իրենք հիմնվում են իրենց մոտ կատարված փորձանմուշների անալիզների արդյունքների վրա. «Այն, ինչ մեզ մոտ է կատարվել, դրական է, այսինքն՝ համապատասխանել է այս որոշման պահանջներին (դա սննդի արտադրության վերաբերյալ կառավարության որոշումն է, որին պետք է համապատասխանի յուրաքանչյուր կաթնամթերք):
«Թամարա» ՍՊԸ-ի տնօրենը նշեց, որ նմուշառում կատարելիս արտադրանքից վերցվում է երկու բաժին, մեկը թողնում են արտադրամասում, մյուսը տանում են լաբորատորիա: «Իրենց տարածի անալիզը բացասական արդյունք է ցույց տվել: Սա հարված է արտադրողներին, տնտեսվարող սուբյեկտներին: Այսպես չի կարելի անել, միանգամից հրապարակել: Նրանք պարտավոր էին վերցնել կրկնակի նմուշառում: Երբ կլիներ նույն պատասխանը, այդ դեպքում նրանք իրավունք ունեին հրապարակել այն»,- ասում է տնօրենը:
Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ նրանց կողմից լաբորատորիա տարված արտադրանքի նմուշի մեջ եղել է խախտում, իսկ ձեզ մոտ՝ ոչ, Խ. Պողոսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ես չեմ տեսել: Ես համաձայն էլ չեմ: Մարդն է անում այդ անալիզը, հնարավոր է՝ սխալ լինի: Դրա համար տանում են երկրորդ պարտիան: Այդ լաբորատորիան մուտք գործել անհնար է, և ես իրավունք ունեմ չհավատալու ադ անալիզներին»:
Երեկ Ամիրյան փողոցի վրա գտնվող խանութներից մեկում մի կին մոտեցավ վաճառողին ու ասաց, որ ամսի 1-ին գնել է «Թամարա» ՍՊԸ-ի «Քսան կոպեկ» պաղպաղակը, որի մեջ նկատել է սև գնդիկներ: Այս առնչությամբ Խ. Պողոսյանն ասաց. «Ես չեմ կարող այսպես ասել, թե ինչից են եղել սև գնդիկները, պետք է տեսնեմ, որ ասեմ: Այստեղ խոսքը վերաբերում է այն պաղպաղակին, որն արտադրվել է մայիսի 12-ին: Մնացած պաղպաղակների մասին խոսք չկա: Եվ եթե նրանք ամսի 30-ին հրապարակել էին, թող բարի լինեին այդ հրապարակման մեջ գրել, որ խոսքը գնում է 12.05-ին արտադրված պաղպաղակի մասին: Եթե դա այդպես վտանգավոր պաղպաղակ լիներ, հիմա չէր իրացվի խանութներում: Իմ երեխան էլ է կերել, իմ թոռնիկն էլ է կերել, բա ինչո՞ւ նրանց հետ վատ բան չեղավ»:
Հարցին, թե՝ խոսե՞լ եք այդ մասին Սննդի անվտանգության պետական ծառայության պետի հետ, Խ. Պողոսյանը պատասխանեց. «Իր հետ կապվելն անհնար է, որովհետև որոշ ժամանակ առաջ ես ցանկացա մի հարցով իր հետ խոսել, դա անհնարին էր: Ես չգիտեմ՝ այդ կառույցը ստեղծել են հօգուտ սպառողի և արտադրողի՞, թե՞ միայն նրա համար, որ ուղղակի այսպիսի ինչ-որ բաներ անեն»:
Տնօրենը նշեց, որ իրենց արտադրամասում հիմա ստուգումներ են անցկացվում. «Այսօր պետք է նորից վերցնեն նմուշառում, տանեն: Այս անգամ ես արդեն որոշել եմ, որ այդ նմուշները տանեմ երրորդ լաբորատորիա: Իմիջիայլոց, այդ նույն թթվասերը, ինքս ինձ հանգստացնելու համար, տարել եմ լաբորատորիա (անունը չեմ ուզում ասել, քանի որ իրենց հետ կապ ունի), ու այդ թթվասերը մաքուր է եղել»:
Ըստ Խ. Պողոսյանի՝ խնդիրն այն է, որ արտադրանքի մեջ բացասական արդյունքը հայտնաբերվել է մայիսի 21-ին, և իրենց տեղյակ չեն պահել այդ մասին. «Իսկ ամսի 30-ին նման մի հրապարակում են անում: Թե այստեղ ինչ-որ միտումնավոր բաներ կան, թե իրենք ուզում են ցույց տալ, որ իրենք լավ են աշխատում՝ ես չեմ կարող ասել»: