Կաթի բուժիչ հատկությունները
Բուժիչ նամակներ
Բնության մեջ մայրական կաթը նախատեսված է կենդանական աշխարհի բոլոր նորածին էակների համար։ Սա այն սննդամթերքն է, որը լիովին յուրացվում է նորածնի` նոր ձևավորվող օրգան-համակարգերում։ Լավագույն դեղն է, որը պաշտպանում է ձագուկին արտաքին վնասակար ազդեցություններից։
Ըստ հնագույն հավատալիքների` կաթի անունով է կոչվել այն Երկնային արահետը, որի վրայով Երկիր մոլորակին է հասնում Տիեզերքի անսպառ կենարար էներգիան` Ծիրի սերմը։
Մարդն ավելի քան 10 հազար տարի առաջ սկսել է օգտագործել կաթն իր սննդակարգում։ Եգիպտոսի բժիշկները 3 հազարամյակ առաջ բուժել են սրտի, երիկամների և ստամոքսի հիվանդությունները և օգտագործել են կաթը տարբեր բնույթի թունավորումների դեպքում։
21-րդ դարի նախաշեմին մամուլում սկսեցին հայտնվել հրապարակումներ այն մասին, որ կաթը վնասակար է միջին և բարձր տարիքի մարդկանց առողջության համար, քանի որ առաջացնում է օրգանիզմում լորձ, կաթում պարունակվող սպիտակուցը կուտակվում է հոդերում և անոթների պատերի վրա, իսկ հագեցված ճարպերը բարձրացնում են «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ, և այլ նմանատիպ աբսուրդի աստիճանի հասնող անհեթեթ ենթադրություններ։
Հենվելով որոշ հետազոտությունների արդյունքում ստացված հետևությունների վրա` փորձենք հասկանալ, թե ինչպես է գնահատում ժամանակակից բժշկական գիտությունը կաթի և կաթնամթերքի ազդեցությունը մարդու առողջության վրա։
Հիպերտոնիկ հիվանդություն
20-րդ դարի սկզբում ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ կաթն իջեցնում է ճնշումը, ընդ որում, կախվածությունը հստակ արտահայտված հակադարձ համեմատական է։ Կաթի հիպոտենզիվ հատկությունն ավելի արտահայտված է, եթե սննդակարգում չափավորված է հագեցած ճարպաթթուների քանակությունը։
Այսօր արդեն հայտնի է, որ կաթնամթերքում պարունակվող սպիտակուցից առաջանում են հատուկ նյութեր (պեպտիդներ), որոնց մի մասն ունի ճնշումն իջեցնող` հիպոտենզիվ ազդեցություն։
Նմանատիպ պեպտիդները հատկապես արդյունավետ են ազդում հիպերտոնիկ հիվանդության նախնական փուլում։
Մետաբոլիկ սինդրոմ
Դժվար ախտորոշվող համակարգային հիվանդություն է, որի դեպքում մարդու օրգանիզմում տեղի են ունենում մի շարք փոխկապակցված պաթոգեն բնույթի խանգարումներ, օրինակ` իջնում է հյուսվածքների զգայունակությունն, ինսուլինի հանդեպ, ի հայտ է գալիս աբդոմինալ ճարպակալում (որովայնի շրջանում), զարգանում է հիպերտոնիկ հիվանդությունը և խանգարվում է ճարպերի, ածխաջրերի և պուրինների փոխանակման բնականոն գործընթացը։
Մետաբոլիկ սինդրոմը նորագույն ժամանակաշրջանի հիվանդություն է, տղամարդկանց մոտ ի հայտ է գալիս բավականին երիտասարդ տարիքում, իսկ կանանց մոտ` հիմնականում դաշտանադադարի շրջանում։
Անգլիացի գիտնականները կարծում են, որ օրը 200 մլ կաթ խմող տղամարդկանց մոտ
60%-ով նվազում է մետաբոլիկ սինդրոմի զարգացման վտանգը։
Նիհարեցնող հատկություն
Վերջին տարիներին նիհարեցնող սննդակարգերի շարքում է հայտնվել նաև կաթնայինը։ Լրիվ կաթնային սննդակարգ պահողների շրջանում տարածված է այն կարծիքը, որ պետք է խմել անյուղ կաթ, ուտել անյուղ կաթնաշոռ։
Նման կարծիքը հիմնավորվում է այն փաստով, որ մթերքներում պարունակվող կալցիումը նպաստում է ճարպերի այրմանն օրգանիզմում, իսկ անյուղ կաթի մեջ կալցիումն ավելի շատ է։ Սակայն անյուղ կաթնամթերքում գտնվող կալցիումը յուրացվում է ընդամենը 5-10%-ով, իսկ բարձր յուղայնության կաթնամթերքից` 50%-ով և նույնիսկ ավելին։
ԱՄՆ Թեննեսիի Համալսարանի գիտնականները կարծում են, որ կաթում պարունակվող կալցիումը` օրգանիզմում յուրացվելուց հետո պարուրում է ճարպի միկրոսկոպիկ մասնիկները, և առաջացած միացությունը դուրս է բերվում օրգանիզմից` առանց յուրացվելու։
Սիրտ-անոթային հիվանդություններ
Շոտլանդացի գիտնականները կատարել են` հավանաբար պատմության մեջ ամենաերկարատև գիտափորձը, որի ընթացքում 25 տարի անընդմեջ ուսումնասիրվել է կաթի ազդեցությունը թվով 5765 տղամարդկանց առողջական վիճակի մասին։ Պարզվել է, որ թարմ եփած և հետևաբար բարձր յուղայնություն ունեցող կաթի կանոնավոր ընդգրկումը սննդակարգում չի նպաստում սիրտ-անոթային և հատկապես սրտի իշեմիկ հիվանդության զարգացմանը։
Հակաուռուցքային ազդեցություն
ԱՄՆ գիտնականները 20 տարի անընդմեջ ուսումնասիրել են կաթի ազդեցությունը վնասակար արտադրություններում աշխատող մարդկանց առողջության վրա։
Ստացված արդյունքներն ավելի քան համոզիչ են.
- Կանոնավոր ձևով կաթ օգտագործողների մոտ 3 անգամ ավելի քիչ է հայտնաբերվել ուղիղ կամ հաստ աղիների քաղցկեղ։
- Կաթը կանխարգելում է մաշկի, կաթնագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը։
- Օրը 400-1000 մլ կաթ խմողների մոտ 4-21 %-ով նվազում է երկրորդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։
Կոնյուգիրացված լինոլենային թթու
Անցյալ դարի վերջում` 80-ական թվերին յուղալի, թարմ կաթի մեջ հայտնաբերվել է լինոլեային թթվի իզոմեր, որն ունի մի շարք օգտակար հատկություններ. կանխարգելում է ճարպակալման, շաքարային դիաբետ և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը ու դրականորեն է ազդում մարդու ընդհանուր առողջական վիճակի վրա։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: