Ինչու է կարճվել Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի քրեական գործը
Երգչուհի, Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման՝ ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ 2013 թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 23:40-ի սահմաններում, Երևանի քաղաքի Գր. Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում, միմյանց են բախվել Արամ Հովհաննիսյանի կողմից վարած «Ռենո» և Էդուարդ Տոնոյանի կողմից վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ու վերջինիս երկու ուղևորները և «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Շուշան Պետրոսյանը ստացել են մարմնական վնասվածքներ։
Ոստիկանությունից հայտնել էին, որ դեպքի առթիվ 2013թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Ըստ ոստիկանության ՝ 2014թ. փետրվարի 4-ին քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ արարքի մեջ հանցակազմ չկա, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը: Ոստիկանությունից նաև հայտնել են, որ որոշման օրինականությունը ստուգվել է ՀՀ գլխավոր և Երևան քաղաքի դատախազությունների կողմից։