Բաժիններ՝

Նոր մանրամասներ` 3-րդ երեխան ծննդաբերող կնոջ մահվան մասին. aravot.am

Ինչպես տեղեկացվել է, 3 օր առաջ Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 3-րդ երեխան ծննդաբերելիս մահացել էր 1975 թվականին ծնված Կարինե Պապանյանը: Մահը վրա էր հասել սկեսրոջ ներկայությամբ:

Այսօր Կարինե Պապանյանի հուղարկավորությունն էր, սկեսուրը aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ իրենք հիվանդանոցում են եղել առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 10-ը, սակայն բժիշկը իրենց չի մոտեցել, Կարինեի վիճակը մշտապես չի վերահսկել: «Կարինեն ստուգումներն անցել էր, ամեն ինչ նորմալ էր իր մոտ, հիվանդանոցում էլ շատ լավ էր զգում իրեն: Ես խնդրեցի կեսարյան հատումով ազատել հարսիս, սակայն մերժեցին` ասելով, որ ցավեր ունի, կեսարյան հատում չենք անի, իր ուժերով կազատվի: Բժիշկը թողեց նրան բուժքրոջ հույսին, գնաց: Ինքն արյունահոսեց, ես ինքս եմ սրբել: Երբ որ վատացավ, 3 ժամ բժշկին էին կանչում, մենակ բուժքույրն է եղել կողքը: Բժիշկը գալիս նայում, գնում էր, տեղում չէր: Ես խնդրում եմ, որ նման բժիշկներ չաշխատեն, մենք մերին կորցրեցինք, թող մյուսները չկորցնեն: Ոչ մի օգնություն ցույց չտվեցին, մեռցրեցին, ձեռքներս տվեցին, մահացնելուց հետո նոր միայն սաղ բժիշկները եկան: Ես մի պահ տեսա, որ երեխան էդ ընթացքում առաջ եկավ ու հետ գնաց, քույրը մոտեցավ, նայեց ու ասաց, թե պատռվածք կունենաս, հանգիստ ցավ քաշի»,-պատմում էր նա:

Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի ասելով էլ, իրենց մոտ խիստ վերահսկողություն է սահմանված. ծննդաբերական բաժանմունքը թե տեխնիկապես է հագեցած, և թե բուժանձնակազմի վերաբերմունքն է բարեհամբյուր: «Կատարվածը դժբախտություն է, ընդհանրապես բժշկական աշխարհում և մասնավորապես մանկաբարձագինեկոլոգիական ոլորտում ամենաանցանկալի և ամենավատ դեպքը, որ կարող էր լինել, մայրական մահացությունն է: Բոլոր կլինիկական նշաններով և մեր բժիշկ-մասնագետների ախտորոշումներով պտղաջրային էմբոլիայից է մահացել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ առանց բժշկական միջամտության, ընդամենը նախածննդական փուլում, ծննդաբերական ցավերի փուլում էդպիսի արագ մահ միայն դա կարող է դառնալ: Մնացածը կասի դատաբժշկական հետաքննությունը, ինչպես նաև նախարարի կողմից կազմված հանձնաժողովը, որը զբաղվում է այս դեպքով»,- ասաց տնօրենը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս