Շարբաթյանի գործով դատական նիստում շարունակվեց. փորձագետները պարզաբանումներ են ներկայացնում

Մայիսի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ընթացող փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արեն և Արտակ Վերանյանների դռնբաց դատական նիստին իրենց տված եզրակացոոթյունների վերաբերյալ շարունակեցին պարզաբանումներ ներկայացնել սկզբնական փորձաքննությունն իրականացրած Վարուժ Սաքանյանը և հանձնաժողովային փորձաքննությունն իրականացրած խմբի ղեկավար Արգամ Հովսեփյանը:

Քանի որ Վ. Սաքանյանը իր փորձաքննությունն իրականացնելիս հնարավորություն չուներ ծանոթանալու հանձնաժողովային փորձաքննության արդյունքներին, նախքան Արգամ Հովսեփյանին լսելը, նա դատարանին ներկայացրեց իր տված փորձրաքննության վերաբերյալ 3 էջանոց հավելում-պարզաբանում, որի պատճենները տրամադրվեց դատարանին, մեղադրող և պաշտպանական կողմերին, Արգամ Հովսեփյանին:

Հանձնաժողովային փորձաքննության եզրակացության մեջ նշված չեն հետազոտությունները, նկարագրված չեն առաջին փորձաքննության նշածից զատ այլ վնասվածքներ: Ստացվել է ծրար, բացվել, հետազոտվել և այդ մասին ոչինչ նշված չէ, լուսանկարները, որոնց վրա հիմնվել է հանձնաժողովային փորձաքննությունը, անհայտ ծագման են:

Բացի լուսանկարներից, մյուս նյութերը, որոնց վրա եզրակացությունը տալիս հիմնվել են հանձնաժողովի անդամները, հակասում են փորձագետի հետևություններին: Անգամ հյուսվածքաբանական հետազոտությունը, որը իրականացվել է հանձնաժողովի կողմից, Ս. Շարբաթյանի ուղեղի ախտահարված երկու մասերից վերցված նմուշներում արյունահավաք չի ֆիքսել, սակայն այդ նույն հանձնաժողովը հետևություն է արել, որ ուղեղի հենց այդ հատվածներում առկա են արյունահավաքներ: Այդ և մյուս հետևությունները հանձնաժողովը հիմնավորել է բացառապես լուսանկարներով, որոնք կատարվել են ոչ մասնագետի կողմից և ոչ էլ մասնագիտական ապարատով, այլ բջջային հեռախոսի ֆոտոխցիկով (ըստ արձանագրության): Պաշտպանական կողմը ցուցադրեց այդ նույն տիպի ֆոտոխցիկով արված՝ միևնույն օբյեկտի տարբեր լուսանկարներ, որոնցում առկա էին գունային, տարածաչափսային աղավաղումներ:

Հանձնաժողովային եզրակացության մեջ բազմաթիվ էին անորոշ ձևակերպումները, որոնք դատաքննության ժամանակ այդպես էլ չհստակեցվեցին: Պաշտապանների այն հարցին, որ փորձագետի կողմից մատնանշվի վերջին հարյուրամյակում լուսանկարների հիման վրա արված գոնե մեկ եզրակացություն, մնաց անպատասխան:
Հանձնաժողովի նախագահը չպատասխանեց նաև այն հարցին, թե ինքն անձամբ երևէ դիակի հետ շոշափելի առնչվե՞լ է, թե ոչ:
Հանձնաժողովային փորձագետը հստակ տրված հարցերին կոնկրետ պատասխաններ չէր տալիս:

Հունիսի 12-ին, ժամը 11-ին, նշանակված հաջորդ դատական նիստին կհետազոտվեն իրեղեն ապացույցները:

Հովհաննես Սարդարյան

Տեսանյութեր

Լրահոս