Բաժիններ՝

«Ոչ ոքի թույլ չենք տա խաղալ մեր հեղինակության հետ»

Մենք, անկեղծ ասած, չէինք բացառում, որ այս տհաճ պատմությունը կարող է այսքան հեռուն գնալ, սակայն հույս ունեինք, որ ողջամտությունը թույլ չի տա` բանը դրան հասնի: Ցավոք, մեր հույսերը չարդարացան` և ստիպված ենք պարզաբանում մտցնել աղմուկ հանած այս պատմության մեջ:

Այսպես, նախորդ տարվա ապրիլին մենք` «Դավիդյանց» լաբորատորիաները, 18-ամյա Արմեն Վարդանյանի մոտ հայտնաբերել ենք «B»/խոշորաբջջային լիմֆոմա (չարորակ ուռուցք): Մեր տված ախտորոշման հիման վրա հիվանդն անցել է բուժման կուրսեր, ստացել է քիմիաթերապիա:

Դրանից մի քանի ամիս անց մեզ զանգահարել են հիվանդի հարազատները Ռուսաստանից և ասել, որ իբր մեր տված ախտորոշումը սխալ է եղել: Որ իրենք հետազոտություն են անցել Սանկտ Պետերբուրգում, հետո` Մոսկվայում, և պարզվել է, որ տղայի մոտ Հոջկինի լիմֆոմա է (ավելի թեթև տեսակ): Մեզնից պահանջել են փոխհատուցել բուժման ծախսերը, ինչից մենք, բնականաբար, հրաժարվել ենք:

Արդյունքում` նախօրեին ԶԼՄ-ներից մեկում հրապարակվել է նյութ, իբր մեր տված սխալ ախտորոշման պատճառով տղան մահից է փրկվել, իսկ հայրը մահացել է վշտից:
Նախևառաջ ցանկանում ենք փաստել` մենք չենք հրաժարվում մեր տված ախտորոշումից, բացառում ենք, որ այն կարող է սխալ լինել: Պատրաստ ենք դրա ճշմարտացիությունը վիճարկել ցանկացած հաստատության, ցանկացած մասնագետների ներկայությամբ և ցանկացած հանձնաժողովում: Պատրաստ ենք մեզ մոտ եղած փորձանմուշը կրկնակի հետազոտության ենթարկել աշխարհի ցանկացած երկրում: Սա ասում ենք ցավով, որովհետև մեր տված ախտորոշման համաձայն` հիվանդությունն ավելի ծանր է, քան Հոջկինի լիմֆոման:

Հասկանում ու կիսում ենք հիվանդի և նրա ծնողի ապրումները: Սակայն մենք պարտավոր ենք օբյեկտիվ լինել և ասել ճշմարտությունը, որքան էլ այն ծանր լինի:
Հարազատների զանգերից և մեզ անհանգստացնելուց հետո խնդրել ենք մեզ հնարավորություն տալ զրուցել մասնագետի հետ, սակայն ապարդյուն: Ի սկզբանե կասկածանքով էինք վերաբերվում այս ամենին, քանի որ քիմիաթերապիայի ենթարկված հյուսվածքն արդեն իսկ ձևափոխված է և հիմք չի կարող հանդիսանալ վերը նշված բողոքներին: Այդուհանդերձ, փորձել ենք ինքներս կապվել նշված ռուսաստանյան լաբորատորիաների հետ, որտեղից մեզ պատասխանել են, որ նման անուն-ազգանունով բժիշկ-հետազոտող իրենց մոտ չի աշխատում:

Այնպիսի տպավորություն է, որ այս մարդկանց ինչ-որ մեկն ուղղորդում է` ինչ-ինչ ակնկալիքներով, և ինքը ստվերում է մնում: Դրա մասին հուշում է այն փաստը, որ նման բողոքների դեպքում լաբորատորիան դիտարկվում է ամենավերջին հերթում:
Ավելացնենք նաև, որ տղայի հայրը մահացել է ոչ թե վշտից (նման հիվանդություն չկա), այլ ստամոքսի լիմֆոմայից: Դա նույնպես անուղղակիորեն ապացուցում է մեր ախտորոշման ճշմարտացիությունը, քանի որ նման հիվանդությունների պարագայում ժառանգականության գործոնը մեծ դեր է խաղում:

Հետազոտությունն իրականացրած բժիշկը` Արմեն Մխիթարյանը, լուրջ մասնագետ է, աշխատել է Շվեյցարիայի, Գերմանիայի, Ավստրիայի և այլ երկրների հեղինակավոր կլինիկաներում: Նրան անձամբ ճանաչում են և վստահում իրենց աշխատանքը մի շարք եվրոպացի մասնագետներ, որոնք այցելում են Հայաստան` վիրահատություններ կատարելու նպատակով: Մեր լաբորատորիան հագեցած է այնպիսի ժամանակակից սարքավորումներով, որպիսիք չկան տարածաշրջանի երկրներից շատերում: Նույնիսկ երեկ մեզ այցելած Հարվարդի համալսարանի բժիշկ ախտաբանը խոստովանեց, որ լաբորատորիան իր սարքավորումների որակով և մակնիշով հիշեցնում է իր ամերիկյան լաբորատորիան:

«Դավիդյանց» լաբորատորիաները մշտապես մասնակցում և քննարկման է ներկայացնում իր արդյունքները որակի արտաքին հսկողությանը Դանիայի հայտնի NordiQC ծրագրով: Մեր հետազոտությունները հիվանդների կողմից ժամանակ առ ժամանակ վերահետազոտվում են այլ լաբորատորիաներում:
Այնպես որ, մենք կրկին ասում ենք` մենք տեր ենք կանգնում մեր ախտորոշմանը:

Եթե (կրկնում եմ` եթե) անգամ մենք սխալված լինեինք, ապա սլաքները մեր դեմ ուղղելը կրկին անհասկանալի է: Բժշկական պրակտիկայում ընդունված է և անգամ պարտադիր, որ նման թանկ բուժում սկսելուց առաջ բժիշկը պահանջի կրկնակի հետազոտություն: Այս դեպքում նման կրկնակի հետազոտություն չի իրականացվել, քանի որ բուժող բժիշկն ըստ երևույթին չի կասկածել մեր տված ախտորոշման ճշմարտացիությանը: Դրա մասին է փաստում այն, որ ըստ բժշկի ներկայացրածի` ուռուցքների չափսերը պակասել են 70%-ով, ինչը նրան ստիպել է քիմիաթերապիայի երկրորդ կուրսը նշանակել:

Նշենք նաև, որ վերջնական ախտորոշումը տրվում է ոչ միայն ախտաբանական դիագնոզի հիման վրա, այլ կլինիկական պատկերի (KT, հիվանդության անամնեզ` սկսած նրանից, թե հիվանդն ինչ վիճակում է ընդունվել հիվանդանոց, վերջացրած քիմիաթերապիայից ստացած դրական էֆեկտով): Այս դեպքի կապակցությամբ իրենց գրավոր արձագանքը կարող են ներկայացնել մեր գործընկեր հեմատոլոգ բժիշկները և գիտական ասոցիացիաները` պարզաբանելով նման կլինիկական դեպքերն ու ախտաբանի դերը նման գործընթացներում: Սակայն դա ընդամենը «եթե» է, նորից կրկնում ենք` մեր ախտորոշումը ճիշտ է:

Եվ ամենակարևորը:

Հեղինակությունը մեզ համար ամեն ինչից բարձր է: Մեր լաբորատորիան ոչ թե ինչ-որ մոդայիկ անուն է կրում, այլ մեր ազգանունը: Դա հենց այնպես չէ. մենք այս գործում ներդրել ենք մեր անձնական հեղինակությունը, որը ձեռք է բերվել Դավիդյանց տոհմի մի քանի սերունդների բժշկական անբասիր աշխատանքի արդյունքում: Ոչ ոքի թույլ չենք տա խաղալ այդ հեղինակության հետ:

Մեզ խորհուրդ էին տալիս այս հարցը լուծել դատական կարգով` 6-7 ամիս մեզ մշտական շանտաժի ենթարկելու համար, սակայն մենք ձեռնպահ ենք մնացել` մտնելով հիվանդի և նրա ծնողների` առանց այն էլ ծանր վիճակի մեջ: Սակայն կոչ ենք անում այլոց` չփորձել պղտոր ջրում ձուկ որսալ: Այսուհետ որևէ անպատասխանատու հայտարարություն կամ հրապարակում առանց արձագանքի չենք թողնի` իր բոլոր իրավական և բարոյական հետևանքներով հանդերձ:

Հարգանքով` Աշոտ Դավիդյանց
«Դավիդյանց» լաբորատորիաների տնօրեն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս