Բնակարան ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու և պաշտոնեական լիզորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ստացել է քաղաքացի Մալխաս Ա.-ի հաղորդումը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Մալխաս Ա.-ի հաղորդման` 2014թ. ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը անհայտ անձինք մուտքի դուռը կոտրելու եղանակով ապօրինի մուտք են գործել իր բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել են տարբեր տեսակի կենցաղային իրեր:
Կատարված հանցագործության մասին ինքը ցանկացել է հաղորդում տալ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում, սակայն օրվա օպերատիվ հերթապահը, սահմանված կարգով չի գրանցել հանցագործության դեպքը, այլ իրեն ուղեկցել է նույն բաժնի պետի և տեղակալի մոտ:
Վերջիններս համոզել են իրեն կատարված հանցագործության մասին հաղորդում չտալ` խոստանալով, որ հանցագործություն կատարած անձինք կվերադարձնեն գողոնը:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն