Սերժ Սարգսյանը չպատասխանեց Նազարբաևին, քանի որ նա միայնակ էր և անպատրաստ. «Ժողովուրդ»

«Հայ հանրությունը խորապես վրդովված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունից և մինչ այս պահը Սերժ Սարգսյանի կամ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանի բացակայությունից»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Բոլորին է հուզում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը տեղյակ չէր Ալիևի նամակից և ինչո՞ւ որևէ կերպ չարձագանքեց Նազարբաևի պահվածքին հենց այդ պահին:

Աստանայում Սերժ Սարգսյանը չպատասխանեց Նազարբաևին, քանի որ նա միայնակ էր և անպատրաստ:

Միայնակ՝ ոչ թե ֆիզիկական իմաստով, քանի որ Նալբանդյանը նրա կողքին էր, այլ՝ որովհետև պատկան մարմինները՝ ԱԳՆ-ն, Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, ՀՀ ԱԱԾ-ն, ՀՀ նախագահի աշխատակազմի, խորհրդականների ու վերլուծական կենտրոնների ուղեղները, բանակցությունների նախօրյակին չէին մատուցել օրակարգին առնչվող ողջ տեղեկությունը, չէին վերլուծել ու կանխատեսել հնարավոր ռիսկերը, հնարավոր հարցադրումները:

Բացի այդ, ՀՀ հատուկ ծառայությունները պետք է տեղյակ լինեին Ալիևի նամակի մասին, որպեսզի պետության ղեկավարը կարողանար արձագանքել ցանկացած անակնկալ հարցի, այլ ոչ թե հենց սեղանի շուրջ ուշադրությունը լարեր, որ լսեր, թե ինչ է կարդում Նազարբաևը»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս